Կգա ժամանակը, կասենք՝ ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունով. Սերժ Սարգսյան
Advertisement 1000 x 90

Կգա ժամանակը, կասենք՝ ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունով. Սերժ Սարգսյան

«Պարզ է, որ դատախազությունն ուզում է իր կարած գործն ավարտին հասցնել, բայց հաջորդ նիստին կլսեք նաև պաշտպանների ասածները»,- այսօր «Դիզելի» շինծու գործով դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս կմեկնաբանի Արցախի էջը փակված չլինելու՝ իր ավելի վաղ արած հայտարարությունը, ՀՀ 3-րդ նախագահն ասաց՝ կգա ժամանակը, հանգամանորեն կասենք՝ ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելիս:

«Դա պետք է արցախահայությանը հարցնել, նրանցից յուրաքանչյուրին հարցնել, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալ Արցախ: Վերադարձն, իհարկե, ցանկալի է, դա միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ: Թե ինչպիսի՞ պայմաններ, ես հիմա չեմ կարողանա ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»,- պատասխանելով արցախահայերի՝ Արցախ վերադարձի պայմանների վերաբերյալ հարցին՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ Շառլ Միշելի պատկերացմամբ՝ արցախահայերի անվտանգության երաշխիքը Ադրբեջանի Սահմանադրությունն է, ՀՀԿ նախագահն ասաց՝ ոչ, դա չի կարող լինել երաշխիք:

«Այդպիսի խոսքեր շատ ենք լսել, այնպես որ, դա ուղղակի զրո երաշխիք է: Նորից եմ ասում՝ այդ հարցերի մասին լավ կլինի խոսեք իրենց, այդ մարդկանց հետ (ՀՀ իշխանություն.- Գ.Ս.)»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Արցախի պետական ինստիտուտների լուծարման վերաբերյալ հարցին, ՀՀ 3-րդ նախագահն ասաց՝ նախ ոչինչ չի լուծարվել, և երկրորդ, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է:

«Ի՞նչ է նշանակում՝ լուծարում են: Ենթադրենք՝ լուծարում են: Իրենք հո հավերժ չե՞ն լինելու: Դա նաև, բնականաբար, շատ կախված է այն մարդկանցից, ովքեր բռնի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Եթե նրանք ցանկություն չունենան, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել: Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում: Այսինքն՝ որևէ մեկի հայտարարությամբ կարող է Հայաստանի Հանրապետությունը լուծարվե՞լ: Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Վերջինս նշեց՝ ինքը տեղյակ չէ՝ ինչ կա գրված խաղաղության պայմանագրի տեքստում, որևէ մեկն այն չի տեսել:

«Պայմանագիրը փաստաթուղթ է, որը հնարավոր է՝ հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա: Պայմանագիրը փաստաթուղթ է, որը պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել: Եթե ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ փաստաթուղթը: Դա այս իշխանությունների, Հայաստանի կառավարիչների գործելաոճն է: Դուք հիշո՞ւմ եք արդյոք որևէ լուրջ պայմանագիր, որ ՀՀ կողմից մինչև 2018թ. ստորագրվել է և ստորագրվել է գաղտնի: Չեն եղել, չէ՞, այդպիսի բաներ: Հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը հրապարակվել են, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային փաստաթղթերին բոլորդ տեղյակ եք եղել: Այս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Գոհար Սավզյան

168.am



Նման նյութեր