Մենք այն ենք, ինչ ուտում ենք. ի՞նչ են պատմում մեր մասին մեր սիրելի համերն ու ուտեստները
Advertisement 1000 x 90

Մենք այն ենք, ինչ ուտում ենք. ի՞նչ են պատմում մեր մասին մեր սիրելի համերն ու ուտեստները

«Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը վերագրվում է տարբեր փիլիսոփաների, մասնավորապե բժշկագիտության հիմնադիր Հիպոկրատին: Բացի բուն ֆիզիոլոգիական նշանակությունը՝ առողջություն, քաշ, հասակ նաև նյարդային համակարգ, մեր նախընտրած ուտեստները կարող են պայմանավորված լինել մարդու նուրբ հոգեբանական խնդիրներով, նաև անդրադառնալ խառնվածքի, մտածողության, աշխարհի հետ հաղորդակցման վրա:

Ընդ որում, նախընտրելի ուտեստները, դրանց պատրաստման եղանակներն ի սկզբանե կապված լինելով մարդու ու ժողովրդի բնակության կենսապայմանների՝ կլիմայի, գյուղատնտեսության, կրոնական պատկանելիության հետ, կարող են բնութագրել ոչ միայն առանձին անհատների, այլև հանրույթների: Այսինքն մարդիկ ուտում են այն ինչի համին սովոր են գենետիկորեն, մանկուց, այն ինչ արգելված չէ այդ հանրույթում և այլն։ Ժամանակակից աշխարհում, իհարկե, հատկապես արագ սննդի հաղթարշավի, տարբեր խոհանոցների՝ իտալական, չինական, արաբական, մեծ տարածման պատճառով, սննդային նախասիրությունների ազգային գծերը գրեթե վերացել են։ Մարդիկ ավելի հաճախ ուտում են այն ինչ արագ է պատրաստվում ու մատչելի է։ Օրինակ, հնագույն ծիսական արմատներ ունեցող մեր ազգային ուտեստները, նաև սննդային կենցաղային շատ սովորություններ այսօր ցավոք փոխվել են։ Հայերը մեր երկրում և նաև արտասահմանում ավելի հաճախ նախընտրում են պիցցա, շաուրմա, համբուրգեր և այլն։

Բացի այս կան ունիվերսալ սննդային նախասիրություններ, համերի ընտրության ընդհանուր սկզբունքներ, որոնք էլ պայմանավորված են առանձին մարդկանց հոգեբանությամբ, նաև ձևավորում են այդ հոգաբանությունը, պայմանավորում պահվածքի ու բնավորության որոշ գծեր։ Ըստ այդմ էլ՝ մեր համային նախասիրությունները կարող են բնութագրել մեզ։ Art 365-ը ներկայացնում է այդպիսի բնութագրիչների մի շարք․

Կծու ուտեստներ

Ընդհանրապես կծուն ակտիվացնում է ցավային ընկալիչները, ինչը շատերի համար ցանկալի չէ, սակայն, շատ-շատերն էլ նախընտրում են կծու ուտեստներ։ Ըստ հետազոտությունների, սննդի մեջ կծուի շատ օգտագործումը խոսում է այն մասին որ դուք արկածախնդիր եք, չեք վախենում նոր զգացողություններից ու նույնիսկ վտանգավոր փորձառություններից, սիրում եք մրցել ու միշտ հաղթանակած դուրս գալ։ Ըստ այդմ էլ շաուրման, հավի թևիկները դուք միայն ու միայն կծուի հավելումով կուտեք։

Թթու և քաղցր

Եթե դուք նախընտրում եք այս երկու համերը միասին նշանակում է, որ դյուրագրգիռ եք, կարող եք շուտ նյարդայնանալ, սակայն նաև արագ գտնում եք հոգեբանական ներդաշնակության վերադարձի ճանապարհը։ Այս համերը թեև կարծես հակադիր են, սակայն լրացնելով միմյանց, ըստ հոգեբանների կարող են բերել հոգեբանական բալանսի։

Քաղցր և աղի

Քաղցր ու աղի ուտեստների համադրությունը, վկայում է այն մասին, որը մարդը հաճելի բնավորություն ունի, բաց է աշխարհի նկատմամբ, ընկերասեր է, շփվող։ Չի խուսափում նոր փորձառությունից, աշխատանքի մեջ հաճախ ընտրում է անսպասելի լուծումներն ու անակնկալ որոշումներ կայացնում։

Պիցցա

Պիցցան աշխարհում ամենանախընտրելի ուտեստներից է։ Իտալական ծագմամբ այս կերակուրը շատ արագ կախվածություն է առաջացնում և սիրված է հատկապես էքստրավերտների կողմից։ Տարբեր, երբեմն իրար հակասող համերի խառնուրդը, գումարած չոր ու խրխրթան հացիկը ուրախություն ու հոգևոր բավարարվածություն են պատճառում, նպաստում մարդկանց շփմանը։ Պատահական չէ, որ պիցցա են սիրում հատկապես երեխաները, որոնք մշտապես հոգատարության և ուշադրության կարիք ունեն։

Խոզի միս և կարտոֆիլ

Աշխարհի շատ խոհանոցների համար ավանդական համարվող տապակած մսի ու կարտոֆիլի համադրությունը՝ «Ժառկոեն», «Ժարիտը», ինչպես մենք ենք հաճախ կոչում այս ուտեստը, նախընտրում են ավանդական ընտանեական երեկոների, մայրիկների ու տատիկների պատրաստած «տնական» կերակուրների սիրահարները։ Երբ ձեր սիրտը այս ուտեստն ուզի, ուրեմն դուք կարոտել եք ընտանեական ջերմությանը, հարազատների պակասն եք զգում, կամ ուղղակի ցանկանում եք մանկություն վերադառնալ։

Փլավներ, սպագետի ու հավի տապակա

Այս ուտեստները նույնպես հիմնականում «տնական» են համարվում, հետևաբար մեզ կապում են մանկության աշխարհի, ընտանիքի ու հարազատների հետ։ Այսինքն, երբ սիրտդ փլավ է ուզում, պետք է զանգահարել տատիկին կամ մայրիկին։

Բանջարեղեն ու մրգեր

Եթե դուք տարբերում եք բրոքոլին ու ռուքոլիան, գիտեք, որ կաղամբն ու սոխը մի քանի գույնի ու տեսակի կարող են լինել, նաև սիրում եք ավոկադո, գուավա, մանգո և այլ էկզոտիկ մրգեր, ուրեմն ուշադիր մարդ եք, նրբազգաց, ակտիվ, երբեմն կարող եք մանրախնդիր լինել, անպայման զբաղվում եք սպորտով։ Ձեր կյանքի առաջնահերթությունների մեջ է առողջ ապրելակերպը և դուք Ձեր շրջապատում չեք դադարում այդ մասին խոսելուց։ Ըստ այդմ էլ՝ սիրում եք քննադատել նաև նրանց, որոնք խուսափում են բանջարեղենից, մրգերի նկատմամբ անտարբեր են։

art365.am