Սևանա լճի սառցակալումն առաջին անակնկալն է ցանցավանդակային ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսության համար
Advertisement 1000 x 90

Սևանա լճի սառցակալումն առաջին անակնկալն է ցանցավանդակային ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսության համար

  Սևանա լճի սառցակալումը անակնկալ դժվարության առաջ է կանգնեցրել ցանցավանդակային  ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությանը, որը գործում է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման  և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի  ենթակայությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Սևանի իշխանի պաշարների վերականգնման  և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունը տեղակայված է Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքի ափից դեպի հյուսիս՝ 7-8 կիլոմետր հեռավորությամբ և մինչև 30 մետր խորությամբ, որը ևս իր 12 ցանցավանդակներով հայտնվել է սառցե կապանքներում: «12 ցանցավանդակներից բուծման ենթակա իշխանի ձկնապաշարն  առկա է 7-ում: Լճի սառցակալումն, իրոք, դժվարացրել է մեր աշ խատանքները: Ձկների կերի համար անհանգստանալու հարկ չկա, քանի որ ցանցավանդակում բուծվող ձկները մոտ 16-17 մետր խորության վրա բնական կեր կարող են գտնել և ունեն տեղաշարժվելու մեծ տարածություն ու համեմատաբար փոքր խտություն: Նրանք իրենց կենսունակությունը կպահպանեն  այնպես, ինչպես Սևանա լճում գտնվող մյուս ձկնատեսակները կամ կենդանիները: Մեր մտահոգությունը միայն ցանցավանդակների՝ սառույցի ազդեցության տակ պատռվելն է, որի դեպքում կարող է տնտեսությունը տուժել, սակայն դրանից կարող է շահել Սևանա լճի ձկնապաշարի բնական վերարտադրության գործըթացը,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության պահպանության համար այս պայմաններում էլ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ցանցավանդակների մոտ տեղադրված տնակում: Սառույցի հաստ շերտը հիմա թույլ է տալիս՝ տնակին մոտենալ թե ոտքով, թե «Բուրան» ամենագնաց մեքենայով:

«Ափից մինչև տնտեսություն վերջին շաբաթների ընթացքում կարողացել ենք նավակով ջարդել սառույցները և տեղ հասնել, սակայն պահ եղավ, որ այլևս անհնար էր ջարդել սառույցի հաստ շերտը, որն այժմ հասնում է մինչև 15 սանտիմետրի: Այս տարի կաշխատենք ձեռք բերել համապատասխան սառցահատ, որպեսզի եկող ձմռան ընթացքում նման անակնկալ դժվարության առաջ չկանգնենք: Մեզ մնում է հուսալ, որ Սևանը  համեմատաբար կարճ ժամանակով կմնա սառցե կապանքներում, իսկ տնտեսությունը լուրջ վնասներ չի կրի դրա հետևանքով, թեև այս պահին դժվար է հաշվարկել կամ կանխատեսել այդ վնա սները: Ամեն դեպքում, սա մեր տնտեսության համար առաջին փորձությունն է լճի սառցակալման պայմաններում»-տեղեկացրեց Արշակ Աղաջանյանը:

Խոսրով Խլղաթյան