Ռեփեր Թուփաք Շաքուրի ինստագրամյան էջում տեղադրել են ազգությամբ հայ «սթրիթ արտ» նկարչի աշխատանքը եւ նշել, որ այն արված է Հայաստանում: Նկարիչն Instagram-ում հայտնի է «baghdasaryan_99» անունով: Նրա ստեղծագործությունում համաշխարհային ճանաչում ունեցող հանգուցյալ ռեփերը պատկերված է ավտոտնակի վրա՝ կապույտ ֆոնին: Նրա մի կողմում գրված է բեմական անունը՝ «2pac», իսկ մյուսում անգլերենով նշված է՝ «Իրականությունը սխալ է, երազներն են իրական»:
Ռեփերի էջի հրապարակման մեջ տեղադրված են նաեւ այլ արտիստների գործեր, սակայն հատկանշական է, որ սլայդը սկսվում է հենց հայ նկարչի աշխատանքով: Ինքը՝ նկարիչը, եւս շոյվել է այս փաստից ու իր հիացմունքն ու զարմանքն արտահայտել այս առիթով:
«Թուփաքի պաշտոնական էջում տեղադրել են իմ նկարած աշխատանքը»,-նշել է նա՝ հավելելով, որ իրեն, հատկապես, ոգեւորել է այն փաստը, որ իր անվանը կից նշվել է նաեւ տեղանունը՝ «Երեւան, Հայաստան»: «Ինձ մոտ դեռ շոկ է, ուշքի չեմ գալիս»,-ինստագրամյան տեսայութում ասում է երիտասարդ արտիստը: