«Իրավունք»-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Շվեդիայում ոստիկանների անգործության պատճառով մահացած հայ երիտասարդ Դավիթ Բարսեղյանի մահվան դեպքը:
Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 6-ին, Շվեդիայի Օրեբրո քաղաքում: Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` եղել է գողության ահազանգ: Սակայն գողության ահազանգը, սակայն, կասկածելի է, քանի որ Դավիթ Բարսեղյանի մահվանից հետո նրա ընկերներին, որոնց ևս ձերբակալել էին, «Իրավունք»-ի տեղեկություններով, բաց են թողել:
Հարց է առաջանում, եթե գողություն է եղել, ինչո՞ւ են ազատել Դ. Բարսեղյանի ընկերներին: Երկրորդ` «Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ Դավիթ Բարսեղյանը ֆինանսապես ապահովված էր: Զբաղվում էր բիզնեսով Ռուսաստանում: Հայրը ևս բիզնեսմեն է: Աները` բարձրաստիճան պաշտոնյա է Արցախում:
Հետևաբար, Շվեդիայում մսամթերքի խանութից գողության փաստը կասկածելի է:
Ինչ վերաբերում է Դավիթ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներին, որոնց մասին օրեր առաջ գրել ենք, ապա այն ևս կասկածելի է: Բանն այն է, որ ըստ նախնական տվյալների` արձանագրվել է գլխի արյան զեղում և ուժ չի կիրառվել Դավիթ Բարսեղյանի հանդեպ:
Գլխի արյան զեղումն արձանագրվել է երեք տեղից, սակայն առանց արտաքին միջամտության գլխի արյան զեղումը մեկ տեղից է առաջանում: Այս և այլ հարցեր դեռ անպատասխան են: Հուսանք` քննությունն ամեն ինչ կբացահայտի:
Սոնա Դավթյան