Շառլ Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը, Instagram-ում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են 2016 թ-ին՝ Շառլ Ազնավուրի եւ Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Քրիստինան անդրադարձել է նաեւ լեգենդար շանսոնյեի նախնիների պատմությանը, որոնք եւս դարձել են 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհ։
«2016 թվականի ապրիլի 24-ին Շառլ Ազնավուրը Հայաստանում էր՝ այս ողբերգության կապակցությամբ եւս մեկ անգամ լսելի դարձնելու իր խորհրդանշական ձայնը՝ իր ժողովրդի հիշատակը բարձր ու հստակ տանելով աշխարհով մեկ։ Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել, մորական ընտանիքը կոտորվել է, եւ մինչ օրս մենք որեւէ հետք չենք գտել։ Այրել, սպանել, ջնջել՝ քաղաքականություն, որը շարունակվում եւ կրկնվում է այսօր Ղարաբաղի հողի վրա։ Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, պարտավորվում ենք երբեք չմոռանալ եւ աշխատել հանուն արդարության եւ ճանաչման»,-Ազնավուրի եւ Քլունիի համատեղ լուսանկարներին կից գրել է Քրիստինան։
Լուսանկարներն արված են Ծիծեռնակաբերդում՝ «Ավրորա»-ի առաջին արարողության ժամանակ։