Apple-ին դատի են տալիս 12,000 կին աշխատակցի թերի վարձատրելու համար
Advertisement 1000 x 90

Apple-ին դատի են տալիս 12,000 կին աշխատակցի թերի վարձատրելու համար

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երկու կին կոլեկտիվ հայց են ներկայացրել Apple-ի դեմ՝ տեխնոլոգիական հսկային մեղադրելով վերջին չորս տարիների ընթացքում կին աշխատակիցներին համակարգված ձևով թերի վարձատրելու մեջ, տեղեկացնում է Gizmochina-ն:

Դատական ​​հայցը, որը ներկայացնում է ընկերության 12,000 ներկա և նախկին աշխատակցի, պնդում է, որ Apple-ի վարձատրության պրակտիկան և նրանց աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգը խտրականություն են պարունակում կանանց նկատմամբ:

Բողոքների հիմքում ընկած է Apple-ի պրակտիկան, ըստ որի՝ կին աշխատողների սկզբնական աշխատավարձը սահմանվում էր հիմնելով նախորդ աշխատավայրում ստացած վարձատրության պատմության վրա, պրակտիկա, որը դադարեցվել է 2017-ի վերջին: Հայցում պնդում է արվում, որ այս մոտեցումը հավերժացնում է աշխատավարձերի՝ սեռով պայմանավորված առկա տարբերությունը, քանի որ տեխնոլոգիական ոլորտում կանայք սովորաբար ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատակիցները հակված են իրենց աշխատավարձի ակնկալիքները հիմնել իրենց ընթացիկ կամ նախկին աշխատավարձի վրա, ինչը կարող է հանգեցնել նրան, որ կանայք իրենք իրենց թերագնահատեն հարցազրույցի ընթացքում:

Հայցում նաև պնդում է արվում, որ Apple-ում աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգը կողմնակալ է, քանի որ սուբյեկտիվ չափանիշները, ինչպիսիք են «թիմային աշխատանքը» և «առաջնորդությունը», տարբեր կերպ են կիրառվում տղամարդկանց և կանանց նկատմամբ: Ըստ հայցի՝ տղամարդիկ պարգևատրվում են այնպիսի վարքագծի համար, որի համար կանայք կարող են քննադատության արժանանալ, ինչը հետագայում էլ ավելի շատ է ազդում վաստակելու նրանց ներուժի վրա:

Հայցվորները պահանջում են ֆինանսական փոխհատուցում աշխատակիցների կրած վնասների համար, որը պայմանավորված է աշխատավարձերի ենթադրյալ տարբերության հետ: Նրանք նաև պահանջում են, որ դատարանը կայացնի որոշում, որով Apple-ից կպահանջի փոխել վճարման և աշխատանքի արդյունավետության գնահատման պրակտիկան՝ արդարություն ապահովելու համար: Հայցվորները նաև պահանջում են, որ գործի քննությանը մասնակցեն երդվյալ ատենակալները։