Գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն աշխատել է Աշխարհի գեղագրության հանրագիտարանի հայկական հատվածի վրա, որի ընթացքում տևական ժամանակ արտերկրում ապրելուց հետո հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել՝ ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութեր գտնելու համար: Նա անվերջ ոգեշնչվում է հայկական մշակույթից, որտեղ տառն ամենուր է:
«Դուք չեք գտնի մի ճարտարապետական նմուշ, որի վրա չկա արձանագրություն, և ամեն տեղ այդ արձանագրությունը գեղեցիկ է, տարբեր է: Դա խոսում է բազմաշերտ մշակույթի մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում առկա իրավիճակին՝ ընդգծեց, որ այսօր Հայաստանում այն ոչ միայն մղվել է վերջին պլան, այլ նաև մշակույթի ընկալումն է դարձել շատ պրիմիտիվ:
«Մեր մշակույթը, որը բազմաշերտ է, հազարամյակների անցած ճանապարհի արդյունք է, այսօր ընկալվում է շատ պրիմիտիվ ձևաչափերի միջոցով: Այս վերաբերմունքն անարդար է մշակույթի հանդեպ, հատկապես, երբ քո մշակույթն այդքան կարևոր է քո գոյատևման համար: Եթե մենք մտածում ենք, որ մեր ֆիզիկական անվտանգությունը կարող ենք ապահովել, բայց կարող ենք ամբողջովին կորցնել մեր մշակույթը, ապա այդ ֆիզիկական ապահովությունը ոչինչ չի տալու, որպես ազգ ենք կործանվելու»,- ընդգծեց նա՝ շեշտելով՝ թշնամին առաջին հերթին մեր մշակութային բազան է վերացնում, լեզուն է վերացնում, արվեստն է վերացնում, որ հենակետ չունենանք:
«Մշակույթը հենակետդ է, եթե չունես այդ հենակետը, դու թափառական ես դառնում, քեզ ոչինչ չի կապում այդ հողի հետ, որի վրա դու ապրում ես: Դրա համար այդ ասիմիլյացիան այդպես է տեղի ունենում, երբ կա՛մ բռնի ուժով, կա՛մ երկար մեթոդիկ աշխատանքով մշակութային բազադ վերացնում են: Եթե դու դա քո ձեռքով ես անում, արդեն սուիցիդալ վիճակ է»,- ասաց նա:
Ռուբեն Մալայանն առանձնացրեց այն հիմնական խնդիրները, որոնք արձանագրել է արտերկրում ապրելու տարիներին Հայկական սփյուռքի հետ առնչվելով. «Սփյուռքն էլ է փակված մի շրջանակի մեջ, որտեղ Հայաստանի դրոշը թափ տալով և ասելով՝ հայրենիք, դրանով է փակվում ամբողջ հարցը, թե հայրենիքն ինչ է: Հայագիտության հիմնական կոնֆերանսները դրսում են անցկացվում, բայց Սփյուռքն էլ դրանց հետ շատ չի առնչվում, և այնպիսի տպավորություն է, որ օտարներն ավելի շատ են հետաքրքրված մեր մշակույթով, քան մենք: Իհարկե, նաև հայերենն է վտանգված, որովհետև ընտանիքները ներսում քիչ են խոսում հայերեն, օտար լեզուներով են հաղորդակցվում, երեխաներն ավելի արագ են կորցնում կապը մշակույթի հետ, որովհետև առաջին ֆունդամենտալ կապը մշակույթի հետ լեզուն է: Կարևոր է, թե ինչ լեզվով ես խոսում և մտածում, որովհետև լեզուն ոչ միայն արտահայտվելու միջոց է, այլև մտածելակերպ է: Այսօր հայտնաբերվում են այնպիսի բաներ, որոնք որպես սենսացիա կարող են հնչել, բայց դա մենք չենք ասում, օտար գիտնականներն են պնդում, որ Հայկական լեռնաշխարհը և հայերենն է եղել հնդեվրոպական լեզուների մայրը, այսինքն՝ այն լեզուն, որից բխել է այդ ամբողջ ընտանիքը: Դա վերջին հետազոտությունն է, որն անցած տարի հրապարակվեց Լայպցիգում»:
Անդրադառնալով ադրբեջանական վանդալիզմին՝ նա ընդգծեց. «Ադրբեջանը վերացնում է հայկական խաչքարերն ու գերեզմանատները. դա նշանակում է, որ ատելության մակարդակը մեր ազգի հանդեպ կատաստրոֆիկ աստիճանի է, դա նշանակում է, որ դու ամբողջ կամուրջները վառում ես, ոչ մի երկխոսություն ուղղակի չի կարող տեղի ունենալ: Եթե թշնամիդ ասում է՝ ես քեզ այն աստիճանի եմ ատում, որ գերեզմաններդ եմ քանդում, էլ այդ մարդու հետ ինչպե՞ս կարող ես ուրիշ բաների մասին խոսել: Նշանակում է՝ այդ ատելությունը գենետիկ մակարդակի վրա է մեր հանդեպ: Մենք Ադրբեջանին հեգնանքով ենք նայել, ինչը սխալ է եղել. մենք քնեցինք, մոռացանք, որ իրականում պատկերն այլ է: Բայց խնդիրն այն է, որ ճիշտ ձևով չենք պատասխանում ադրբեջանական հարձակումներին»:
Նա Ճապոնիայի օրինակը բերեց, թե ինչպես երկու ատոմային ռումբից հետո կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, այլ նաև դառնալ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը՝ վերաբերմունքի հաշվին.
«Ամեն ինչ վերաբերմունք է, սկսած նրանից, թե ինչպես ես բաժակի մեջ ջուր լցնում կամ կրթում երեխաներիդ: Մենք չենք փորձում ամենալավը անել, ասում ենք՝ սա հերիք է, սրանով բավարարվենք: Թշնամին ավելի լավ է աշխատում, ավելի մեթոդիկ: Ես չեմ վախենում նրանց թշնամի կոչել, որովհետև ինձ համար մեկը, որն իմ պապերի գերեզմաններն է ոչնչացնում, թշնամի է, ուրիշ անուն դա չունի: Ես չէի անի դա, ես գերեզման չէի քանդի, ինչքան էլ ատեի: Սարսափելի է, երբ գիտակցում ես, որ այդ թշնամանքը նրանց գենետիկայի մեջ է: Դա նշանակում է, որ երկարատև խաղաղության մասին խոսելն անիմաստ է, և այն, ինչով պետք է զբաղվես, բոլոր տեսանկյուններից քեզ հզորացնելն է՝ չմոռանալով, որ մշակութային տեսանկյունից ոչ պակաս կարևոր է լինել հզոր: Դու կարող ես մարմինդ պահել, բայց հոգիդ եթե չպահեցիր, այդ մարմինդ ոչ մի նպատակի չի ծառայելու: Սարսափ է լինելու, եթե մենք Դադիվանքը, Գանձասարը, մյուս բոլոր եկեղեցիները, որոնք Արցախի տարածքում են… իրենք առաջինը հայկական արձանագրություններն են ոչնչացնելու և անում են արդեն»:
Նա շեշտեց՝ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը մեկն է՝ հզորացնել մեր պետությունը. «Սկսենք առաջին հերթին կրթությունից, ամբողջ ուժերը պետք է դնել կրթության վրա: Մասնագետ չկա՞՝ դրսից բերեք, չնայած, ես գիտեմ շատ մարդկանց, որոնք կարող են մեծ փոփոխություններ բերել, ուղղակի իրենց ոչ ոք մոտ չի թողնում այդ համակարգին: Նրանք հեռանում են: Արտագաղթը սարսափ է, որովհետև շատ կիրթ մարդիկ են գնում, ինչպես 90-ականներին: 90-ականներին Հայաստանը կորցրեց իր ինտելեկտուալ պոտենցիալի երևի 90 տոկոսը. հիմա նույնն է տեղի ունենում: Մարդիկ գնում են ուրիշ պատճառներով: Եթե 10-20 տարի առաջ գնում էին, որովհետև այս չկար, այն չկար, հիմա ամեն ինչ կա, բայց կարևորը չկա, այսինքն՝ երբ զգում ես, որ կարող ես ազատ ապրել քո հողի վրա և արժանապատիվ: Զգալ, որ դու որպես մարդ՝ կարևոր ես: Մենք մարդուն դրել ենք վերջին տեղում, մեզ համար մնացած ամեն ինչն ավելի կարևոր է, քան հենց բուն մարդը, մենք մարդով չենք զբաղվում, չենք կրթում, ավելի լավ է չտանք այն կրթությունը, քան տալիս ենք հիմա»:
Խոսելով ատելության մթնոլորտի մասին, նա ընդգծեց՝ դա մեր մեջ սերմանվում է. «Մենք բարի ժողովուրդ ենք, ատելությամբ չենք ապրում, դա մեր մեջ անվերջ քարոզվում է, որովհետև անընդհատ բաժանող գծերի մասին է խոսվում: Քեզ ասում են՝ սա լավն է, սա վատն է, պիտակներով են խոսում: Այստեղ Իսրայելի օրինակն է հետաքրքիր, որովհետև այդ խորը ճգնաժամը, որը կիսել է երկիրը երկու մասի, մեկ է՝ անընդհատ փորձեր են արվում միավորել: Ես լսում եմ, թե ինչ դիսկուրս է այնտեղ՝ նրանք անվերջ խոսում են մարդու մասին, անվերջ խոսում են մարդու կարևորության մասին, ասում, որ առանց մարդ՝ չկա պետություն, որ մենք բոլորս եղբայրներ ենք, ինչքան էլ տարբեր ենք: Նրանք դրանով զբաղվում են օրուգիշեր, որովհետև հասկանում են, որ հակառակ դեպքում ճգնաժամը չեն կարող հաղթահարել: Եթե մենք չորդեգրենք նույն մոտեցումը… Այսինքն՝ քարոզչական մեքենան օգտագործենք այդ նպատակով և ամեն Աստծո օր կարևոր առաջնահերթությունների մասին խոսենք: Ես դա կանեի, և հավատացեք, որ մի տարի հետո սկսում է ահագին բան փոխվել: Մենք չենք ուզում առերեսվել իրականության հետ, դրա համար էլ թշնամին գալիս, դուռդ բացում է, ասում ես՝ վայ, էս ո՞նց եղավ: Մեզ հիմա է պետք զարթնել, պետք է արագ աշխատել: Մենք ժամանակ չունենք: Եթե մտածում ենք՝ ժամանակ ունենք, սխալվում ենք»:
Ռուբեն Մալայանի խոսքով՝ եսակենտրոնությունը մեզանում չի վերանում, որովհետև դա գենետիկ կառուցված է. «Մեր գենետիկան աղետալի վիճակում է, գենետիկորեն մենք սպառվել ենք: Ամենալավ գեները 90-ականներին գնացին. Հանկարծ ինձ սխալ չհասկանաք՝ ինձ համար բոլորն են կարևոր, մարդն ինձ համար առաջին տեղում է, եթե ինքը անկիրթ է, ես կանեմ ամեն ինչ, որ կրթեմ իրեն: Եթե չի ուզում կրթվել, դու ունես երկու ընտրություն, կա՛մ հանձնվում ես, կա՛մ շարունակում ես փորձել բացատրել, մինչև որ հասկանա: Մենք շատ անգամ ասում ենք՝ չի ստացվում, և էլ չենք փորձելու, բայց պետք է շարունակել: Եթե չի ուզում կրթվել, եթե մարդը չի օգնում, գոնե թող չխանգարի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում