Հնդկական Tata Steel ընկերության նախկին ղեկավար Ռաթան Տատան, որը մահացել է հոկտեմբերին, իր 118 մլն դոլար կարողության մի մասը կտակել է սիրելի շանը. խոսքը Տիտո մականունով գերմանական հովվաշան մասին է, որ մինչև գործարարի կյանքի վերջին օրերը նրա կողքին է եղել:
Ինչպես գրում է Yahoo News-ը, գործարարն իր կտակում կարգադրել է, որ Տիտոյին ապահովվի «անսահմանափակ խնամք»:
Բացի այդ, Տատան, որն ամուսնացած չի եղել և ժառանգներ չունի, կտակում ներառել է իր խոհարարին, երկարամյա սպասավորին, գլխավոր օգնականին:
«Նրանք երբեք ստիպված չեն լինի այլևս աշխատել և շատ լավ կապրեն», – մեկնաբանել է հանգուցյալի ընկերը:
Նա ընդգծել է, որ սա «առատաձեռնության ժեստ չէ», այլ «երախտագիտության ժեստ՝ պարգևած ուրախության և հոգատարության համար», որը նա զգացել է իր շնից և ամենամտերիմ մարդկանցից: Կտակում ներառվել են նաև նրա եղբայրն ու երկու քույրերը:
Տատան Հնդկաստանի միջազգայնորեն ճանաչված բիզնես առաջնորդներից մեկն էր, որը հայտնի էր շների հանդեպ իր սիրով: Շների հանդեպ Տատայի սիրո մասին հայտնի է դարձել 2018 թվականին, երբ նա մերժել է Բուքինգհեմյան պալատի հրավերը Ուելսի արքայազնի և այժմյան թագավոր Չառլզի կողմից՝ պատճառաբանելով, որ շունը հիվանդ է: