Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Ցուցահանդես-վաճառքի շրջանակում որոշ հրատարակչություններ գրքերը կվաճառեն հատուկ զեղչերով: «Էդիթ Պրինտ» հրատարակչության բոլոր գրքերը վաճառվելու են ինքնարժեքով, իսկ «Բուկինիստ» գրախանութի և «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիայի գրքերը` 10 տոկոս զեղչով:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով` ցուցահանդեսն ուղղված է մանկապատանեկան գրականությանը և ներկայացվում են հայկական հրատարակչական դաշտում վերջին տարիներին լույս տեսած լավագույն գրքերը: «Ցուցահանդես-վաճառքի ընթացքում գործում է նաև «Նվիրիր զինվորին» ակցիան: Այցելուները կարող են գնել որևէ գիրք, և այն դնել համապատասխան տաղավարում: Գրքերը կուղարկվեն ՀՀ տարբեր զորամասեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փոխնախարարը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ քիչ է պատահում, երբ գրողը, հրատարակիչը, գրադարանը և ընթերցողը հայտնվում են մեկ հարկի տակ: «Առջևում նաև Գիրք նվիրելու և Մայրենիի օրերն են: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ շաբաթվա համար»,-ասաց Հակոբյանը և հավելեց, որ շատ կցանկանա, որպեսզի հայ մանուկները սփյուռքում և հայրենիքում անաղարտ պահեն հայոց լեզուն:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` ցուցահանդեսին որակյալ տպագրությամբ գրականություն է ներկայացված:
«Մեծ տեղ են հատկացնում թարգմանական գրականությանը, հայ մանկագիրների գործերին: Հիանալի միջավայր է երեխաներին, նրանց ծնողներին ժամանակակից և դասական գրականությանը ծանոթացնելու համար»,-շեշտեց Միլիտոնյանը:
Ցուցահանդես-վաճառքին Իրանի մշակույթի կենտրոնը ներկայացրել էր պարսկերենից հայերեն թարգմանված պարսկական հեքիաթների հինգ գիրք:
Ներկա էր նաև Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը կարևորեց ցուցահանդեսում Սամվել Մկրտչյանի թարգմանական գրականության առկայությունը: Նա նշեց, որ նման նախաձեռնությունները երիտասարդներին կարող են ուղղորդել դեպի գիրքը, գրականությունը:
«Գիշակերներն ամեն բան կերել են, բայց մի օր թողել են գրականության համար, մի օր էլ` մայրենիի: Մայրենին ամենօրյա սնունդն է` ֆիզիկական և հոգևոր: Իմ երազանքն է, որ այստեղ խմբված երեխաներից մեկը, որը կդառնա մեր դրոշակակիրը, տարիներ հետո հիշի, որ կար մի անհեթեթ օր, որ կոչվում էր Գրքի օր, քանի որ ամբողջ ազգը կարդալիս կլինի, և ևս մեկ անհեթեթ մայրենիի օրը, քանի որ ամբողջ տարին կլինի մայրենիի օր»,-ասաց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:
Բացմանը ներկա էին բազմաթիվ ընթերցասեր երեխաներ:
11-ամյա Մերի Վլասյանն ասաց, որ սիրում է Հովհաննես Թումանյանի, Շառլ Պերոյի հեքիաթները, որոնք բազմիցս վերընթերցել է: ««Կարմիր գլխարկը», որն իմ կարդացած առաջին հեքիաթն է ինձ համար յուրահատուկ է, քանի որ շատ պատկերավոր է և խորհրդավոր»,-ասաց Մերին:
Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր:
Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունները: Ցուցահանդես-վաճառքին աջակցել ենՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանը, Հայաստանիգրողների միությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը և մի շարք հ րատարակչություններ: Այն կգործի փետրվարի 18-21-ը: