Կրիպտո ձեռներեց Ջասթին Սանը կերել է 6,2 միլիոն դոլար արժողությամբ արվեստի կտորը՝ պատին կպչուն ժապավենով ամրացված հայտնի բանանը, որը նա գնել էր աճուրդից, հայտնում է AFP-ն։
Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սանը տասնյակ լրագրողների առջև կերել է բանանը: Իր ելույթում նա արվեստի գործն անվանել է «նշանակալի» աշխատանք և զուգահեռներ անցկացրել կոնցեպտուալ արվեստի և կրիպտոարժույթի միջև:
«Շատ ավելի լավ է, քան մյուս բանանները»,-ասել է Սանն այն առաջին անգամ կծելուց հետո,-«Իրոք շատ լավ է»։
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի կոնցեպտուալ ստեղծագործությունը՝ Comedian կոչվող բանանը, Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել էր անցյալ շաբաթ: Սանն այն գնել ցանկացող 7 մասնակիցների թվում էր: Այն ձեռք բերելուց 10 վայրկյան անց նա որոշել է, որ պետք է ուտի բանանը։
«Մամուլի ասուլիսի ժամանակ բանան ուտելը նույնպես կարող է դառնալ արվեստի ստեղծագործության մի մաս»,-ասել է նա:
Art Basel 2019-ին Մայամի Բիչում ուտելի ստեղծագործության դեբյուտը հակասությունների տեղիք տվեց և հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք այն պետք է համարվի արվեստ:
Սանն ասում է, որ ինքը միայն վերջերս է որոշել հայտ ներկայացնել արվեստի գործի համար՝ հավելելով, որ իր մոտ «հիմար հարցեր» են առաջացել, ինչպիսիք են՝ արդյոք բանանը փտա՞ծ է, և ինչպե՞ս գնահատել աշխատանքը:
Արվեստի ստեղծագործության տիրոջը տրվում է դրա մասին վկայական, որը հաստատում է, որ կտորը ստեղծվել է Քաթելանի կողմից, ինչպես նաև հրահանգներ, թե ինչպես փոխարինել պտուղը, եթե այն վնասվի: