Սուրճի մշտական օգտագործումը նվազեցնում է օրգանիզմի տարիքային թուլացման վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Ամստերդամի հանրային առողջության ինստիտուտի գիտնականները։ Յոթնամյա հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Nutrition-ում։
Աշխատանքի շրջանակում մասնագետները հետեւել են 55 տարեկանից բարձր ավելի քան 1 160 մարդու առողջական վիճակին: Նրանք կենտրոնացել են ծերացման հինգ նշանների վրա՝ ակամա քաշի կորուստ, մկանային ուժի կորուստ, քրոնիկական հոգնածություն, դանդաղ քայլվածք եւ ֆիզիկական ակտիվության նվազում:
Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրական չորս կամ ավելի բաժակ սուրճ են խմում, զգալիորեն ավելի քիչ հավանական է, որ ունենան անցանկալի տարիքային փոփոխություններ, քան այն մասնակիցները, որոնք հազվադեպ են օգտագործում այդ ըմպելիքը կամ այն ամբողջությամբ բացառել են իրենց սննդաբաժնից:
Գիտնականները սուրճի պաշտպանիչ ազդեցությունը կապում են պոլիֆենոլների եւ այլ հակաօքսիդանտների բարձր պարունակության հետ, որոնք նվազեցնում են բորբոքումն ու օքսիդատիվ սթրեսը, գործընթացներ, որոնք արագացնում են ծերացումը: Կոֆեինն իր հերթին օգնում է պահպանել նյութափոխանակությունը, մկանային զանգվածը եւ էներգիայի մակարդակը:
Հետազոտողները հիշեցրել են, որ օպտիմալ էֆեկտը ձեռք է բերվում չափավոր սպառման դեպքում։ Բավական է օրական երեքից հինգ բաժակ սուրճ խմել, որը համապատասխանում է մոտավորապես 400 միլիգրամ կոֆեինին։ Կարեւոր է հաշվի առնել օգանիզմի անհատական առանձնահատկությունները եւ հնարավոր հակացուցումները:







