Եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի կողմից Արամ Աթեշյանի հասցեին հնչած մեղադրանքներն ու Մաշալյանի հրաժարականի հայտարարությունը սկիզբ են դրել նոր ճգնաժամային իրավիճակի, որի արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքարանում համայնքի ներկայացուցիչները արտահերթ ժողով են գումարել և որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրությունները անցկացնել մայիսի 28-ին:
«Տեղի ունեցածը մեր եկեղեցու պատմության մեջ իրոք աննախադեպ էր: Զարմացած էի, որ Սահակ Մաշալյանը նման քայլի գնաց: 9 տարի լռած մարդը բերանը բացեց ու չփակեց: Աթեշյանի եղած-չեղածը ի հայտ բերեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Բանախոսի փոխանցմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով արդեն Հայաստան են ժամանել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հայաստանում է նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարեց ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու և պատրիարքի նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Ընտրությունների ամսաթվի նշանակումը պարբերաբար ձգձգվում էր հանրության համար անհայտ պատճառներով: Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: