Ինչ կարող է անել Հայաստանը Բաքու հանձնվել ցանկացողների հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչ կարող է անել Հայաստանը Բաքու հանձնվել ցանկացողների հետ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն անգամ, երբ նայում եմ «Բաքու էքսպրեսի» այնպիսի ադեպտներին, ինչպիսիք են թամելաարզումանյաններ ընտանիքի անդամները (դիտել 21։25-ից), սյուզանջաղինյանները, վահեավետյանները, վահանմարտիրոսյանները և այլք, իսկ հետո տեսնում եմ ֆեյսբուքյան ցասումնալից գրառումները, թե ուր է նայում մեր ԱԱԾ-ն, հասկանում եմ, որ մենք մեկ բաժակ ջրում փոթորիկ անելու բացառիկ տաղանդ ունենք։ Նամանավանդ տարակուսանք է առաջանում, երբ սկսում են աղմկել բավականին փորձառու քաղաքական ու հասարակական գործիչներ։

Հիմա եկեք մի կողմ դնենք էմոցիաներն ու պաթոսը։ «Պոստ ֆակտումի» վերջին թողարկման հերոսներից էր Արզումանյան ընտանիքը, ու հենց նրանց օրինակով էլ հասկանանք, թե ինչ կարող է անել պետությունը գործնականում ու տեսականում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ադեկվատ մարդ կփաստի, որ Արզումանյանների պատմությունը բավականին տարօրինակ է։ Ցանկացած կոմպետենտ մասնագետ կփաստի, որ նրանց միմիկան ու ռեակցիաները, մեղմ ասած, չեն հուշում հոգեբանական բալանսի մասին, եթե չասենք ավելին։ Ցանկացած նորմալ քաղաքացի կփաստի, որ նրանց հրապարակային հայտարարություններն ու Ադրբեջանին դիմելը՝ Հայաստանում օրինականություն հաստատելու խնդրանքով, մեղմ ասած, պիղծ քայլ է, եթե այն արված է մեղսունակ մարդու կողմից։ ԲԱՅՑ․․․

Բայց ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը։ Տվյալ պահին, որքանով որ ես եմ հասկանում, նույն Արզումանյանների արարքներում հանցակազմը բացակայում է։ Շատ-շատ կարելի է խոսել կեղծ մատնության մասին, այն էլ՝ Ֆրանսիայի դեսպանի ու Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն՝ առկա օրենսդրությամբ ցանկացած այլ քայլ կարող է ընկալվել որպես քաղաքական հալածանք, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ թամելաարզումանյանները շատ են, ապա անգամ փաստերով հարուցված քրեական գործը էլի կսկսեն մատուցել որպես քաղաքական հետապնդում։ Դրա համար էլ նրանց վերաբերվում են նոր չորացած թրիքի սկզբունքով՝ չեն բզբզում, որ հոտ չգա․․․ Տեսականորեն Հայաստանը կարող է նաև այլ կերպ վարվել։ Ասենք թե՝ ԱԱԾ-ն սկսի ակտիվ պրոֆիլակտիկա թամելաարզումանյանոտ լսարանի հետ։ Գուցե դա ճիշտ կլիներ, բայց պատկերացնում եմ, թե ինչ ղալմաղալ կլինի տարատեսակ այլ թամելաարզումանյանների ու իրավապաշտպանների կողմից։ Այնպես որ, այս տարբերակն անցանք։

Կա երկրորդ տարբերակ․ ենթադրենք՝ Հայաստանն սկսում է կիրառել քաղաքացիությունից զրկելու ու երկրից արտաքսելու մասին օրենքներ։ Վստահ եմ, որ աղմուկը կրկին շատ կլինի, բայց վստահ չեմ, որ արդյունքը, միանշանակ, վատը կլինի։ Գուցե ցինիզմի հոտ գա ասածիցս, բայց, իմ կարծիքով, որքան շատ թամելաարզումանյաններ դադարեն ապրել մեր երկրում, այնքան ավելի առողջ միջավայր կունենանք մենք, ու այնքան ավելի անառողջ միջավայր կլինի այն երկրում, որը կընդունի նմաններին։ Ու եթե այդ ընդունող կողմը Ադրբեջանը լինի, ավելի լավ։ Ի վերջո, նույնիսկ պատմական նախադեպ կա, երբ Լենինն իր ժամանակի թամելաարզումանյաններին նստեցրեց շոգենավ ու մի քանի հարյուր հոգու արտաքսեց երկրից, թե բա՝ գնացեք, ձեր պատկերացրած արդար ու ազնիվ հասարակություններում էլ երջանկություն որոնեք, բայց ոչ մեր երկրի, մեր ռեսուրսների ու մեր նյարդերի հաշվին։ Բայց դե նորից սա ավելի շատ տեսական հավանականություն է՝ ֆանտաստիկայի ժանրին ավելի մոտ, քան ռեալ հեռանկար։

Իրականությունն այն է, որ թամելաարզումանյաններ, ցավոք սրտի, կան, եղել են ու կլինեն։ Խնդիրը ոչ թե նրանցից ձերբազատվելը պետք է լինի, այլ նրանց վնասակար ներգործությունը մինիմալիզացնելը»։