Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի նախկին ներկայացուցիչ Ռենե Մյոլենստենին տեղեկացնում է, որ մանչեսթերյան ակումբը վաղուց էր հետաքրքրվում Հենրիխ Մխիթարյանով:
Մյոլենստենին, ով երկար տարիներ աշխատել է մանչեսթերյան ակումբի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ, նշել է, որ Ֆերգյուսոնը Մխիթարյանի երկրպագուն էր և ցանկանում էր հրավիրել նրան թիմ:
Ֆերգյուսոնի օգնականը նշել է, որ ակտիվ հետևում էր Մխիթարյանի խաղին այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Ուկրաինայում: Ըստ Մյոլենստենի՝ Ֆերգյուսոնը լրջորեն հետաքրքրված էր Մխիթարյանով, սակայն չարեց նրան առաջարկ, քանի որ մտածում էր, որ նա դեռ պատրաստ չէ:
Ըստ Ֆերգյուսոնի առաջին օգնականի՝ Մխիթարյանը դասական ֆուտբոլիստ է մանչեսթերյան ակումբի համար: Մյոլենստենը նշել է, որ շատ է ոգևորվում, երբ տեսնում է Մխիթարյանի հրաշալի խաղը, ինչպես նաև շատ ուրախ է, որ Մխիթարյանը կարողացավ հաղթահարել բոլոր խնդիրները և դառնալ Մոուրինիոյի թիմի կարևորագույն մասերից մեկը:
Սիրարփի Աղաբաբյան