Սեյրան Սարոյանի Ուկրաինայի առանձնատունն ու «մոռացված» շինությունները. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեյրան Սարոյանի Ուկրաինայի առանձնատունն ու «մոռացված» շինությունները. hetq.am

Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից: Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում:

Նվեր ստացած հողամաս և չհայտարարագրած առանձնատուն

2010թ. Գաննա (Աննա) Օնիշչենկոն ՀՀ Աժ պատգամավոր Սեդրակ Սարոյանին անհատույց նվիրել է Օդեսայի նահանգի Օվիդեոպոլսկի շրջանի Միզիկևիչ գյուղում գտնվող իրար հարևանությամբ երկու հողատարածք, որի ընդհանուր մակերեսը 0.200 հեկտար է: Հողամասը նախատեսված է կառուցապատման համար, ինչն էլ իրականացվել է, սակայն շինարարությունը մնացել է անավարտ:

Օնիշչենկոն նշված տարածքի սեփականատեր է դարձել 2005թ.: Թեև հայաստանցի պատգամավորին է նվիրել նշված անշարժ գույքը, սակայն կոմունալ վճարները կատարվում են դեռ Օնիշչենկոյի անունով:

ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը իր սկզբնական հայտարարագրում նշել է նաև Միզիկևիչում գտնվող գույքի մասին, սակայն այժմ չի «հիշում», որ նման գույք ունի:

Բանն այն է, որ Ս. Սարոյանը Ուկրաինայում, մասնավոարապես՝ Օդեսայի նահանգում մի քանի անուն գույք ունի, որից միայն մեկն է հայտարարագրել: Քանի որ գույքը մեկից ավելին է, պատգամավորը շփոթվել և հայտարարագրել է Միզիկևիչ գյուղում գտնվող այն գույքը, որի մասին այժմ չի հիշում և իր անունով չէ: Փոխարենը չի հայտարարագրել այն գույքը, որի մասին խոսում է, թեև մեծ դժվարությամբ:

Մենք եղել ենք այդ հասցեում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողամասերից մեկի վրա վեր էր խոյանում երկհարկանի մի շինություն: Թաղամասում բնակվում էին մեծամասամբ մեծահարուստներ, կային բավականին շքեղ առանձնատներ:

Հարևանները գիտեին, որ նշված տունը պատկանում է հայաստանցի գեներալի: Նրանք պատմում էին, որ գեներալը հաճախ է լինում Օդեսայում, սակայն իր շքեղ առանձնատանն է ապրում, որը գտնվում է այդ շինությունից քիչ հեռու՝ ծովին մոտ: Նշված թաղամասում ևս մեծահարուստներ են ապրում: Իսկ կիսատ մնացած շինությունն էլ պատգամավորը նպատակ է ունեցել դարձնել հյուրանոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել:

Թաղամասը, որտեղ ամռան ամիսներին ապրում են Սեդրակ Սարոյանն ու իր ընտանիքի անդամները, հսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից և այնտեղ կողմնակի  մարդկանց մուտքն արգելված էր: Դա էր պատճառը, որ չկարողացանք տեսնել այն: Միայն տան տերերի համաձայնությամբ կարող էինք մուտք գործել, իսկ այդ ժամանակ Սարոյաններն Ուկրաինայում չէին:

Կիսակառույցում պահվող խունացած ու տեղ-տեղ դեղնած հատակագծից, որի պատվիրատուն եղել է Սեդրակ Սարոյանը, պարզ դարձավ, որ կիսակառույց շենքն ունի նկուղային հարկ, որի մակերեսը մոտ 265քմ է, ևս երկու հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկում կա մոտ 68քմ մակերեսով ընդհանուր հյուրասենյակ, գինու համար նախատեսված առանձին սենյակ, համտեսի սենյակ, մարզասրահ, որի մակերեսը մոտ 49քմ է, տնային կինոթատրոն և այլն: Մնացած հարկերը և ձեղնահարկը բնակելի հատվածն են:

Շինությունն ընդհանուր առմամբ ունի 58 սենյակ, որից 11-ը՝ ննջասենյակ, 17-ը՝ սանհանգույց, 3-ը՝ մեծ սրահ և այլն: Շինությանը պահակություն էին անում ուկրաինացի ամուսիններ, որոնք բնակվում էին տարածքում կառուցված տնակում:

Ուկրաինայի Օդեսայի նահանգում Սեյրան Սարոյանը վաղուց է բիզնես կապեր հաստատել: Նա ծովափին ունի վարձակալած լողափ, ժամանակին աշխատեցնում էր նաև «Դուդուկ» հայկական ռեստորանը, սակայն արդեն 3-4 տարի է հրաժարվել է «Դուդուկից» և այն «Արտ-Շար» անվանումով շահագործում են դարձյալ հայեր՝ Արտաշատ քաղաքից: «Տեսանք մեր բիզնեսը չի, մեր խելքի բանը չի, հետ տվեցինք»,-ասում է Սեդրակ Սարոյանը:

Հայտարարագրված, բայց իրականության հետ կապ չունեցող գույք

Սեդրակ Սարոյանի ունեցվածքն ըստ հայտարարագրի

  1. ք. Էջմիածին, Չարենցի փողոց – բնակարան
  2. ք. Էջմիածին, Մաշտոցի փողոց – երկհարկանի առանձնատուն, տնամերձ հողամաս, հողին ամրակալված այլ անշարժ գույք
  3.  ք. Էջմիածին, Էջմիածին-Մարգարա մայրուղի –  հողամաս
  4. ք. Էջմիածին Մաշտոցի փողոց -երկհարկանի բնակելի տուն, տնամերձ հողամաս
  5. Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն –  տնամերձ հողամաս և գյուղնշանակության հողամաս
  6. ք.Երևան Ազատության պողոտային հարող հատված –  2 միավոր ոչ գյուղնշանակության հողամաս:

ՌԴ Լենինգրադի մարզ

  1. ք. Վսեվոլոժսկ – բնակելի տուն և հողամաս
  2. ՌԴ ք. Սոչի Կենտրոնական շրջան – բնակարան

Ուկրաինա

Օդեսայի մարզ,  ավան Միզիկևիչ – երկհարկանի տուն և հողամաս

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

«Հիշատակված ողջ անշարժ գույքը նույնական է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արտացոլված անշարժ գույքի հետ: Ս. Սարոյանի կողմից ներկայացված 2012-2016թթ. տարեկան հայտարարագրերում արտացոլված տվյալների համաձայն՝ համապատասխան ժամանակահատվածում անշարժ գույք չի օտարվել»:

Այնուհանդերձ, պատգամավորը հրաժարվում է իր իսկ հայտարարագրած գույքից:

2011-2015թթ. էթիկայի հանձնաժողով ներկայացրած Սեդրակ Սարոյանի հայտարարագրերով նրա եկամուտները և դրամական միջոցները նվազել են: Իսկ Կինը՝ Լիանա Սարոյանը, առհասարակ եկամուտ չի ստանում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանցից հայտարարագիր են ներկայացնում միայն ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:

Սեդրակ Սարոյանի չափահաս երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյանները, միայն 2011թ. են հայտարարագիր ներկայացրել են: Նրանք ամուսնացել են և այլևս հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չեն: Նշված տարում եկամուտ ցույց է տվել միայն ավագ որդին:

Գրիշա Բալասանյան, Քրիստինե Բարսեղյան

hetq.am