Էդմոն Ավակյանը ոսկերչական զարդերի համաշխարհային հայտնի բրենդի սեփականատերն է, որը լայն տարածում ունի հոլիվուդյան աստղերի և թագավորական ընտանիքների անդամների շրջանում։
Էդմոն Ավակյանը ծնվել է 1947թ. օգոստոսի 15-ին Բուլղարիայում, սակայն ողջ մանկությունն անցկացրել է Լիբանանում։
Ոսկերչական Avakian տունը ընտանեկան բիզնես է և հիմնադրվել է նրա նախնիների կողմից, սակայն հենց նրա շնորհիվ բրենդը համաշխարհային ճանաչման հասավ։
Երիտասարդ հասակում Էդմոն Ավակյանը Լիբանանից տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ստանում է միանգամից երեք մասնագիտություններով կրթություն՝ ինժեներ, ճարտարապետ և ֆինանսիստ, իսկ հետո վերադառնում է Լիբանան և գլխավորում ընտանեկան գործը։
Առաջին երկիրը, որը Avakian տան սեփականատերը գրավեց իր զարդերով, Շվեյցարիան էր։ Այնտեղ Էդմոն Ավակյանը գործարկեց բրենդի զարդերի լայն արտադրություն։
Ներկայումս Avakian բրենդը գործում է ոչ միայն Շվեյցարիայում, այլև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։
Avakian զարդերը հաճախ հայտնվում են աշխարհի տարբեր Կարմիր գորգերի վրա՝ զարդարելով իրենց աստղային տերերին։ Նրա ընկերության մշտական պատվիրատուներն են երգչուհի Ռիհաննան, սուպերմոդել Իրինա Շեյքը, Փերիս Հիլթոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվանա Թրամփը, ինչպես նաև Բահրեյնի արքա Համադ իբն Իսա Ալ Խալիֆան ու Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ իբն Նաիֆ Ալ Սաուդը։
Նա հաճախ է անդրադառնում իր հայկական արմատներին հարցազրույցներում՝ նշելով, թե «այն, ինչ կապված է ձեռքի աշխատանքի հետ, լավ է տրվում հատկապես հայերին»։
Էդմոն Ավակյանի կինը Համահայկական բարեգործական միության շվեյցարական ստորաբաժանման նախագահն է, որը միջոցներ է հավաքում Հայաստանին օգնելու նպատակով։