ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է ներգաղթի նոր հրամանագրի ստորագրումը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփն այդ որոշումն ընդունել է Կոնգրեսում իր ելույթի դրական արձագանքից հետո: Ինչպես նշում է հեռուստաալիքը, մարտի 1-ին հրամանագրի ստորագրումը կարող էր ի չիք դարձնել հավանություն տվող արձագանքները: «Մենք կցանկանայինք, որ հրամանագրի համար գա հարմար ժամանակը»,- ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրամանագրի ստորագրումն սպասվում է մարտի 1-ին: Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը այն կարող է ստորագրել այս շաբաթ ավելի ուշ:
Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Գործակալության տեղեկություններով՝ սույն միջոցը դարձել է Սպիտակ տան վրա պաշտպանության նախարարության և Պետդեպարտամենտի ճնշման արդյունքը: Դրանց ներկայացուցիչները Թրամփին կոչ են արել վերանայել իր դիրքորոշումը, քանի որ Իրաքը հանգուցային դերերից մեկն է խաղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ըստ որում նշվում է, որ մնացած վեց երկրները, որոնք ավելի վաղ հիշատակվել էին ցուցակում, այդպես Էլ կմնան այնտեղ:
Ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական է արտահայտվել Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած ելույթի առթիվ: Այդ մասին վկայում է CNN հեռուստաընկերության և ORC սոցիոլոգիական ծառայության հարցումը:
Այսպես, 78 տոկոսը հայտարարել է, որ լավ է վերաբերվում Թրամփի ելույթին, այդ թվում՝ 57 տոկոսը այն համարել է «շատ դրական»: Հարցվածների գրեթե 70 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի ելույթն իրենց լավատեսություն է ներշնչել երկրի ապագայի նկատմամբ:
Թրամփը լավ գնահատական է ստացել տնտեսության վերաբերյալ արած առաջարկությունների համար. 72 տոկոսը կարծում է, որ նա հանդես է եկել ճիշտ ուղղությամբ տանող քաղաքականության օգտին: Նաև 70 տոկոսը դրական է գնահատել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նրա առաջարկությունները, 64 տոկոսը՝ առաջարկված հարկային բարեփոխումը, 62 տոկոսը՝ ներգաղթին, ևս 62 տոկոսը՝ առողջապահությանը վերաբերող առաջարկությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: