«Տարբեր տրամաչափի թափթփուկներ» Արարատում դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչին
Advertisement 1000 x 90

«Տարբեր տրամաչափի թափթփուկներ» Արարատում դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչին

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ ոստիկանության Մասիս բաժնում Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, թե որովայնի շրջանում վնասվածքներով երիտասարդ է տեղափոխվել կենտրոն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դանակահարվածն իրենց թիմակիցն է՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղից։

«Այս պահին մանրամասները ճշտում ենք Մասիսի կառույցի պատասխանատու Տիգրան Ստեփանյանի հետ», – ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ այս երիտասարդը ներքին արյունահոսություն է ստացել, այս պահին վիրահատվում է Էրեբունի կլինիկակական հիվանդանոցում։

««Ծառուկյան» դաշինքը քանիցս ասել է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի ընտրապայքարը մնա քաղաքական հարթության մեջ։ Ցավոք, նշյալ մարզի տարբեր թափթփուկներ, ովքեր հանձնառություն են ստանձել իրենց կուսակցության համար թեկուզ այլոց կյանքի գնով ապահովել քվեներ, որևէ ժամանակ կանգ չեն առել ոչնչի առջև, և այսօր էլ կանգ չեն առնելու ոչնչի առջև», – ասաց Ն. Զոհրաբյանը։

Նա հույս հայտնեց, որ իրավապահներն արագ կարձագանքեն տեղի ունեցածին։

«Կրկնում եմ, քանի դեռ տարբեր տրամաչափի թափթփուկներ ընտրապայքարը պատկերացնում են ոչ քաղաքական դաշտում, այլ՝ միջանձնային դաշտում, և իրենց համար ցանկացած գինը, այդ թվում նաև այլոց կյանքի գինը ոչինչ չարժե մեկ քվե ավելի ստանալու համար, մենք ամեն Աստծո օր ունենալու ենք այս իրավիճակը», – ընդգծեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց քաղաքական ուժերին՝ դադարեցնել ընտրապայքարը կյանքի և մահու պայքարի վերածելուց։

«Հորդորս իրավապահներին՝ անհապաղ պատժեք մեղավորներին, այլապես ամեն օր այս ռեյտինգային ընտրակարգի պատճառով մենք ամեն օր հանրապետության բոլոր վայրերում ունենալու ենք նույն իրավիճակը», – ասաց Ն. Զոհրաբյանը։

Նա նշեց նաև, թե Արարատի մարզում կան որոշ անձինք, ովքեր ամենուր հայտարարում են, որ իրենց ամեն ինչ թույլատրված է, դրա հետևանքը լինում է ցավալի դեպքերը։

«Հաշվի առնելով, որ Սայաթ-Նովա գյուղը Մասիսի տարածաշրջանի գյուղերից է, իսկ բոլորիս էլ հայտնի է, թե Մասիսիում Հանրապետականի ներկայացուցիչն ով է, կարծում եմ՝ շատ հստակ ու պարզ է ամեն ինչ, թե որ պատգամավորի թիմակիցներն են եղել երիտասարդին դանակահարողը», – ասաց նա։

aysor.am



Նման նյութեր