Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ընդհանուր քաղաքացիություն մտցնելու իրական նպատակը կայսրության վերականգնումն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
-Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը առաջարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ընդհանուր քաղաքացիություն մտցնել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այս գաղափարն առաջ քաշվում:
-Այդ գաղափարը չպետք է զարմանալի լինի, եթե նկատի ունենանք այն, որ Եվրասիական տնտեսական միության հենց ամենասկզբից Ռուսաստանը շահագրգռված է եղել այս միությունը քաղաքական դարձնելու հարցում: Եթե հիշում եք, խոսվում էր միասնական, վերպետական խորհրդարան ստեղծելու, միասնական արժույթ ստեղծելու մասին: Նպատակ կա ԵԱՏՄ-ն քաղաքական մարմին դարձնել, որպեսզի անդամ պետությունների ինքնիշխանությունները կլանվեն: Կարծում եմ՝ իրականում նպատակը կայսրության վերականգնումն է: Դա սովետական միություն անվանել էլ չի կարելի, այն մի նոր կայսրություն է, որտեղ որոշ երկրներ, տվյալ պարագայում՝ Ռուսաստանը, բացարձակապես շահագրգռված չեն, որպեսզի անդամ պետություններն ունենան պետականություն և անկախության մակարդակ: Քաղաքացիության խնդիրը նույնպես այս դաշտում է: Ընդհանուր քաղաքացի, նշանակում է ոչ միայն ազատ տեղաշարժ ամբողջ միությունում, այլ նաև ենթակայություն մեկ միասնական կենտրոնի, և բոլորս էլ հասկանում ենք, թե որ կենտրոնի մասին է խոսքը:
-Եվրամիությունում էլ ընդհանուր քաղաքացիություն գոյություն ունի, ո՞րն է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի տարբերությունը:
-Տարբերությունն այն է, որ Եվրամիությունը նախ ապացուցել իր գրավիչ միություն լինելը: Եվրամիությունը մեր նման երկրների ոչ թե ուժով և պարտադրանքով է մտցրել իր միության մեջ, այլ ճիշտ հակառակը՝ ԵՄ-ին միանալ են ցանկացել ազգեր և պետություններ: Բացի դրանից՝ Եվրամիությունն առաջին հերթին տնտեսական միություն է, ոչ թե քաղաքական: ԵՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք է, իսկ ԵԱՏՄ-ում, առանց կայացած տնտեսական տարածք լինելու, մտածում են այն քաղաքական միություն դարձնելու մասին: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք թաքնված կայսերական նկրտումների հետ:
-Այնուամենայնիվ, որքանո՞վ եք հնարավոր համարում ԵԱՏՄ ընդհանուր քաղաքացիության գաղափարի իրագործումը:
-Որքան էլ փորձագետները այս մասին խոսեն, դա իրականություն չի կարող դառնալ: Չեմ կարծում, որ Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրները համաձայնության տան այս գաղափարին: Սա ուղղղակի հերթական անգամ Ռուսաստանի կողմից փորձ է փորձագետների շուրթերով քննարկման դնել գաղափարներ, որոնք նախկինում մերժվել են:
Մանրամասները՝ tert.am