Դերասան Դավիթ Աղաջանյանն օրեր անց կրկին կներկայանա հեռուստադիտողին: Դավիթը նկարահնվում է «Օտարը» հեռուստասերիալում, որի մեկնարկը կլինի շուտով՝ «Շանթ Պրեմիումի» եթերում: Սիրային եռանկյունու մի անկյունում կանգնած է նրա հերոսը, մյուսներում՝ Մարինկա Խաչատրյանի և Սիսիան Ստեփանյանի մարմնավորած հերոսները:
«Այս օրերին զբաղված եմ ակտիվ նկարահանումներով, քանի որ օրեր անց արդեն «Օտարը» հեռուստասերիալը եթերում կլինի: Պետք է շեշտեմ՝ հետաքրքիր սյուժեով աշխատանք է սպասվում հեռուստադիտողին, որի զարգացումները լարված կպահեն հետևորդներին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դավիթը՝ հավելելով.
«Անկեղծ ասած, չեմ ցանկանա կոտրել հեռուստադիտողի հետաքրքրությունն ու մանրամասներ հայտնել սցենարից: Իմ հերոսի հետ կապված էլ միայն կնշեմ, որ դրական կերպար է, իսկ թե ինչպիսինն է նա, ինչ բնավորություն ու հետաքրքրություններ ունի, թող դեռևս գաղտնիք մնա»:
Դերասանական կազմը Դավիթի համար նոր չէ, քանի որ «Թաքնված սեր» հեռուստասերիալի շրջանակում հասցրել է շատերի հետ շփվել ու մտերմանալ.
«Շատ կարևոր է, երբ աշխատակազմը հագեցած է լինում ոչ միայն իրենց գործին գիտակ, այլև լավ մարդկանցով: Այս առումով ուրախ եմ, որ հրաշալի մթնոլորտ է տիրում կադրից դուրս, ինքս բոլորի հետ էլ հիանալի հարաբերություններ ունեմ»,- նշեց նա:
Բացի նոր հեռուստասերիալի հետ կապված աշխատանքներից, Դավիթն այս շրջանում զբաղված է նաև իր բիզնեսի գործերով.
«Նկարահանումներից զատ, շատ բծախնդրորեն զբաղվում եմ իմ անձնական հավաքածուի թևնոցների մոդելավորմամբ, որոնք նույնպես շատ շուտով պատրաստ կլինեն: Այնպես որ, աշխատանքները շատ են, որոնք հերթով իրականություն պետք է դառնան»,- ավարտեց դերասանը: