«Չեմ ցանկանում, որ ոչ մենք մեզ, ոչ էլ աշխարհը մեզ ճանաչի միայն Ցեղասպանությամբ». Ռուբեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Չեմ ցանկանում, որ ոչ մենք մեզ, ոչ էլ աշխարհը մեզ ճանաչի միայն Ցեղասպանությամբ». Ռուբեն Բաբայան

Օրերս հրապարակումներ եղան այն մասին, որ  քննարկվում է տեղական հանրակրթական դպրոցներում Ցեղասպանության մասին նոր առարկայի ներմուծման հարցը: Ըստ տարածված տեղեկությունների՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ Դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվել է ԿԳՆ-ում ՝ մարտի 1-ին: Ձեռնարկը նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի հրամանով երաշխավորվել է գործածել նաև ՀՀ հանրակրթական դպրոցների համար:

Մինչ գերատեսչությունում քննարկում են  նոր առարկայի ներմուծման հետ կապված  հարցերը, համացանցը ողողվել է տարատեսակ քննադատական, բայց առավել հաճախ՝ ծաղրական մեկնաբանությունների տարափով: Ակնհայտ է՝ հասարակության տարբեր շերտերի մոտ նոր գաղափարը ոչ միանշանակ ընդունելության է արժանացել:

Պարզելու համար՝ ի՞նչ են այս առնչությամբ մտածում մտավորականները,  168.am-ը կապ հաստատեց նրանցից մի քանիսի հետ:

Մեր առաջին զրուցակիցը Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էր, ով հանրակրթական դպրոցների համար նախապատրաստվող այս նորամուծությունն առանձնապես չի ողջունել:

«Ես չգիտեմ՝ ինչպե՞ս է դա արվելու,  ո՞ր դասարաններից է սկսվելու այդ առարկայի դասավանդումը, բայց կարծում եմ՝ պետք է սկսել ոչ թե Հայոց ցեղասպանությունից՝ մասնավորեցնելով այդ երևույթը, այլ ընդհանրապես Ցեղասպանություն  երևույթին անդրադարձ կատարելով, որպեսզի երեխաներն իմանան, թե ի՞նչ է դա, և դրա կոնտեքստում ներկայացնեն արդեն Հայոց ցեղասպանությունը: Հակառակ դեպքում բարոյապես և հոգեբանորեն կարող ենք շատ վատ արդյունք ունենալ: Գիտե՚՞ք,  եթե մենք մեզ առանձնացնում ենք՝ առավել ևս երեխաների համար՝ փոքր տարիքից, ապա սա շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ՝ բարդույթներ առաջացնելով փոքր տարիքի  երեխաների մոտ:

Կարծում եմ՝ սա շատ լուրջ քննարկելու հարց է՝  մանկավարժների և հոգեբանների անմիջական մասնակցությամբ, ընդ որում՝ շատ լուրջ հոգեբանների: Երեխայի հոգևոր դեռ չկայացած աշխարհը շատ խոցելի է: Եթե որոշում ընդունվի, որ այս առարկան պետք է լինի հանրակրթական դպրոցներում, ապա ամենասկզբից երեխան պետք է իմունիտետ ձեռք բերի, որպեսզի կարողանա այդ երևույթն իր համար անցնցում ընկալել, որպեսզի դա չդառնա մի ամբողջ կյանքի դժբախտությունը, թե մենք այսպիսի դժբախտ ազգ ենք, որ սա մեր ճակատագիրն էր,  հայի բախտը,  և մենք այլևս  ոչ մի լուսավոր բան չենք ունեցել, քանի որ մեր պատմության մեջ այսպիսի սև էջ  է եղել,- 168.am-ի հետ զրույցում ընդգծում է Ռուբեն Բաբայանը և հավելում,- Ես կտրականապես դեմ եմ, որ այդ առարկան, եթե անգամ ներմուծվի կրթական ոլորտ, ցածր դասարաններում անցնելու արտոնություն ստանա:

Առանց այդ դասընթացի էլ,  եթե մենք հիմա հասարակության տարբեր շերտերում հարցում կազմակերպենք, թե ի՞նչ է ցեղասպանությունը,  կարծում եմ՝  հարցվածների 99 տոկոսը պարզապես կանգ կառնի միայն Հայոց ցեղասպանության վրա: Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության հանդեպ:

Մենք գիտենք, ծանոթ ենք Ռուանդայի ցեղասպանությանը, Հոլոքոստին, և  այլն, և կարծում եմ, որ, եթե ավագ դպրոցներում դա դասավանդման արտոնություն ստանա, ապա առաջին հերթին՝ պետք է շեշտը դրվի ընդհանուր  համատեքստի վրա՝ ինչո՞ւ է դա  ընդունված համարել հանցագործություն մարդկության հանդեպ, կամ ինչո՞ւ  ցեղասպանությունը  վաղեմության ժամկետ չունի, և այլն:

Սրանք շատ կարևոր հարցեր են,  և դրանց հետ միասին՝ կարելի է անցնել նաև Հայոց ցեղասպանությունը, միայն թե երեխայի մոտ բարդույթներ չառաջանան, առանց դրա էլ մտնում ես ինտերնետ և որոնողական դաշտում Armenia  բառը մոտքագրելիս՝ առաջինը, ինչ բերում է՝ Genocide տերմինն է: Ես բացարձակապես չեմ ցանկանում, որ ոչ մենք մեզ, ոչ էլ աշխարհը մեզ  ճանաչի միայն Ցեղասպանությամբ: Կարծում եմ,  որ մենք աշխարհին ճանաչելի լինելու շատ և շատ այլ կողմեր էլ ունենք՝ առավել ներկայանալի:  Սա, իհարկե, եղել և մնում է  մեր պատմության անքակտելի և ամենաողբերգական էջը, բայց, բարեբախտաբար, սա միակ երևույթը  չէ,  որով  կարող են  ճանաչել  հայ ազգը»:

Ընդհանուր առմամբ, Ռուբեն Բաբայանն աննպատակ է համարում առարկայի առանձնացված դասավանդման  նոր միտքը՝  հիմնավորելով իր դիրքորոշումը ժամանակակից պատմության դասագրքերում թեմայի առնչությամբ  արդեն իսկ առկա ծավալուն և հանգամանալից ներկայացվածությամբ: Անդրադառնալով այն հարցին, թե Իսրայելի կրթական համակարգում նման նախադեպ արդեն իսկ կա, Ռ. Բաբայանը նկատում է.

«Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ի՞նչ համակարգով  է դա ներմուծվել Իսրայելի դպրոցներ, բայց որքանով ես եմ տեղյակ, նրանց մոտ ցեղասպանվածի բարդույթ  այլևս չկա: Մի քանի տարի առաջ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ինձ մի հետաքրքիր փաստ ասաց այն մասին, որ Իսրայելում Հոլոքոստի մասին կան, նկարահանվել են մի քանի ֆիլմ-կատակերգություններ: Դա  խոսում է այն մասին, որ նրանք իրենց ներսում արդեն իսկ  հաղթահարել են  այդ բարդույթը: Հետևաբար՝  կարծում եմ, որ մեզ համար շատ կարևոր է, որ այդ առարկան ներմուծելուց առաջ լրջագույնս ուսումնասիրվի  դրա ազդեցությունն աճող սերնդի  հոգեբանական աշխարհի վրա: Սա պարզապես բարի ցանկություն չի կարող լինել, որովհետև բիբլիական հին  իմաստությունն ասում է՝ բարի ցանկություններով է կառուցված դժոխքի ճանապարհը: Կարծում եմ՝ այստեղ մեծ ճշմարտություն կա»:

Զրույցը Ռուբեն Բաբայանի հետ ավարտվեց վերջինիս հորդորով այն մասին, որ այս հարցը չի կարելի ո՛չ քաղաքականացնել, ո՛չ անել  սա՝ հանուն սփյուռքահայության կամ տեղական  ինչ-ինչ շարժումների: Ըստ նրա՝ սա շատ  լուրջ հարց է, որ վերաբերում է ամբողջ կրթական համակարգին, և այստեղ մանկավարժները, հոգեբանների հետ միասին, կատարելու լուրջ աշխատանք  ունեն՝ պարզելու, թե առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում, երեխայի վրա  ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Ի դեպ, այսօր պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ ԿԳ նախարարությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում:

ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները:

Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով:

Ի դեպ, Մեծ եղեռնի թեման վաղուց` դեռևս խորհրդային ժամանակներից է ընդգրկված դասագրքերում»:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ