«Միանգամից հայտնվում են բարի հ/կ-ները, որոնք հայտարարում են, թե՝ որտե՞ղ եք, ռուսներ, ի՞նչ եք անում, ոչինչ էլ չեք անում…»
Advertisement 1000 x 90

«Միանգամից հայտնվում են բարի հ/կ-ները, որոնք հայտարարում են, թե՝ որտե՞ղ եք, ռուսներ, ի՞նչ եք անում, ոչինչ էլ չեք անում…»

«ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են դեռևս գործի դրվում, ցավոք սրտի»,- այս մասին այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի պատճառներին և ներկայումս հակամարտող կողմերի «կշռին» ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։

Հարցին, թե ներկայումս ո՞ւմ կողմն է կշեռքի նժարը ԼՂ հակամարտության հարցում, Սոլովյովը պատասխանեց, որ նման հարցերը պարզ են դառնում «խաղի» վերջում։ Իսկ խաղը, նրա որակմամբ, դեռ չի ավարտվել։

«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն»։

Այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր և զանգ հնչեցներ։ Իհարկե, հասկանալիորեն կա հարաբերությունների համակարգայնություն Ձեր և Ռուսաստանի նախագահների միջև, նրանց հարաբերությունները լավն են, այլապես չէր լինի մայիսի 9-ը, և իրավիճակը այդպես չէր հանգուցալուծվի։ Հասկանալի է, որ հակառակ կողմի համար ևս սա հսկայական խնդիր է, Ադրբեջանի համար սա շատ ցավոտ թեմա էր։ Նրանք ևս լուրջ ճնշման տակ են։

Ռուսաստանը կարող է ասել. «մենք հիմա սա կանենք», բայց դիվանագիտությունն այդպիսին չի լինում, դիվանագիտությունը շատ բարդ հարց է»,- նշեց Սոլովյովը՝  շարունակելով ընդգծել, որ ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են գործի դրվում, ինչպես ինքն է նկատում, ցավոք սրտի։ Ուստի, նրա խոսքով, այստեղ հարցն այդքան էլ Ռուսաստանին չպետք է ուղղվի։ Ավելին, բանախոսի համոզմամբ՝ Ռուսաստանը երկիր է, որը մշտապես կիրականացնի իր դաշնակցային պարտավորությունները, կաջակցի և այլն, բայց անհրաժեշտ է, չէ՞, այդ հզոր, մեխանիզմը (դիվանագիտությունը.- Ա.Մ.) հասկանալ, հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, աջակցել դրա աշխատանքին, ինչ-որ բան անել, չի կարելի ամեն ինչ թողնել ինքնահոսի։

Դմիտրի Սոլովյովն անդրադառնալով ապրիլյան զարգացումների պատճառներին՝ ակնարկեց, որ Ադրբեջանի իշխանություններին էր անհրաժեշտ ինչ-որ բան անել, քանի որ ադրբեջանական կողմն է հողեր պահանջող կողմը, ուստի պետք էր նաև այդ ուղղությամբ ինչ-որ բան անել։

«Հասկանալի է, որ նրանց նաև տաքացրեցին, հասկանալի է, որ դա երկրորդական խաղ էր, իրականում պետք էր Ռուսաստանին ներգրավել այդ ամենում, մենք այդ ամենը հաշվարկում ենք, մենք հասկանում ենք, որ խնդիրը հետևյալն է՝ մենք կտրուկ շարժում կանենք և ամբողջությամբ կկորցնենք հարաբերությունները կամ Հայաստանի հետ, որովհետև միանգամից հայտնվում են բարի հ/կ-ները, որոնք հայտարարում են, թե՝ որտե՞ղ եք, ռուսներ, ի՞նչ եք անում, ոչինչ էլ չեք անում, մեզ պետք չեք, եղել են, չէ՞, եղել են, կամ էլ նույն բանն Ադրբեջանից են ասելու, և ի՞նչ՝ Ռուսաստանը ստանում է ծանրագույն իրավիճակ իր սահմանների մոտ։

Նրանք չեն հասկանում, որ մենք տղաներ չենք, ամեն ինչ հաշվարկվում է, ամեն ինչ ընկալվում է, հետևանքները՝ ևս։ Հիշում եք, չէ՞, այն ժամանակ մենք դժվար հարաբերությունների մեջ էինք Թուրքիայի հետ, ուստի հասկանում ենք ամեն ինչ՝ ինչպես տեղի ունեցավ, ով ում ինչպես պատրաստեց»,- ասաց Սոլովյովը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



Նման նյութեր