Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» գրքի լուսանկարներից մեկն ընդգրկվել է Time ամսագրի ընտրանու մեջ, որը ներկայացնում է աշխարհի 34 երկրներից կին լուսանկարիչների աշխատանքները: Լուսանկարներն ընտրել են միջազգային հայտնի կուրատորներն ու խմբագիրները, որոնք հնարավորինս անաչառ կերպով կազմել են ժամանակակից կին լուսանկարիչների երեք տասնյակը:
Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ»-ը, մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում: Լուսանկարիչն այն ստեղծել է տասը տարվա ընթացքում: «Վերապրածներ» ֆոտոգիրքը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի երկրորդ գիրքն է «Մենակության շտամպ»-ից հետո:
Հեղինակավոր Time-ում տպագրվելու առթիվ Նազիկ Արմենակյանն «Արևելք»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում այն մեծ գնահատական է համարում. «Ուրախ եմ և հպարտ»,- ասաց լուսանկարչուհին:
Ընտրված լուսանկարը. հեղինակ՝ Նազիկ Արմենակյան