Գաղտնիք չէ, որ Արմինկան արդեն տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում է գտնվում: Այս ամենի մեջ առաջին հայացքից որևէ արտառոց բան չկա, սակայն մեր ունեցած տեղեկություններով` սա երգչուհու հերթական այցը չէ:
ԱՄՆ-ն միշտ էլ եղել է Արմինկայի սիրելի վայրերից մեկը, ուր նա հաճախ է մեկնել ինչպես հանգստի, այնպես էլ աշխատանքի նպատակով: Պատահական չէ, որ հենց այնտեղ էլ Արմինկան լույս աշխարհ է բերել իր որդուն` Ալեքսին:
Վերադառնալով Արմինկայի ներկայիս տեղափոխությանը` նշենք, որ ըստ մեր աղբյուրների` երգչուհին նախքան մեկնելը վաճառել է այստեղ գտնվող և իր անունը կրող գեղեցկության սրահը, որի աշխատանքներով զբաղվում էր նրա քույրը` Լուսինեն: Արմինկայի հետ ԱՄՆ-ում են հաստատվել նաև նրա ընտանիքի անդամները` մայրը, քույրը և, իհարկե, նաև որդին: Արդյունքում` Արմինկայի տեղափոխությունը կարելի է որակել որպես արտագաղթ:
Նշենք, որ ԱՄՆ-ում հաստատված երգչուհին այս շրջանում հրաժարվում է հարցազրույցներ տալուց, իսկ նախքան մեկնելը բավական պասիվ էր, նոր երգեր և տեսահոլովակներ չէր ներկայացնում: Հատկանշականն այն է, որ CV հաղորդման շրջանակներում երգչուհին նշել էր, որ իր տևական լռությունն անհիմն չէ, դրա համար կան պատճառներ, որոնք միայն իրենով չեն պայմանավորված, սակայն այլ մանրամասներ ներկայացնելու ցանկություն չուներ:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել, սակայն հուսանք, որ Արմինկայի` Հայաստանից հեռանալու որոշումը վերջնական չէ, որովհետև անկախ այն բանից մենք նրա արվեստի երկրպագուն ենք, թե ոչ, այնուամենայնիվ, երբ Հայաստանը լքում է հերթական ընտանիքը, միևնույն է, այդ փաստը տխրեցնում է…
Ավելի մանրամասն՝ Asekose.am-ում