«Ռուսուլմանը ես եմ». Վահան Իշխանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ռուսուլմանը ես եմ». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանի նոր գիրքը՝ «Ռուսուլմանի նոթերը», փորձագրությունների ժողովածու է՝ նվիրված գրողի պապի՝ Ավետիս Ռատիխան-Կիրակոսյանի հիշատակին, ով եղել է հեղափոխական կոմունիստ, և ում գնդակահարել են 1937 թվականին: 168.am-ի հետ զրույցում Վահան Իշխանյանը պատմում է, որ պապի մասին քիչ բան գիտի, և նրան նվիրված այս գրքի հրատարակումը կարող է կամուրջ դառնալ պապի և իր միջև:

Հեղինակը չի բացառում, որ ընտրված վերնագիրը՝ «Ռուսուլմանի նոթերը», կարող է հարցեր առաջացնել. «Քանի որ վերնագիրը հարց է առաջացնելու, թե ո՞վ է Ռուսուլմանը, հենց գրքի շապիկին պատկերված է ինքը՝ Ռուսուլմանը, այսինքն՝ ես: Ռուսուլմանը ես եմ: Սա ռուս և մուսուլման բառերի միաձուլումն է, որ իմ խորին համոզմամբ՝ այլատյացության դրսևորումն է, և ես որոշեցի այդ անունն ուղղակի ինձ վրա վերցնել»:

Անդրադառնալով գրքի ստեղծման պատճառներին, Վահան Իշխանյանը ստիպված է խնդրահարույց երևույթներ առաջ բերել.

«Ես երկար տարիներ՝ մոտ 8 տարի, բլոգ էի վարում երկու կայքերում: Խմբագիրների որոշմամբ մի օր այդ բլոգները փակվում են, և ուղղակի վերանում են այն բոլոր հոդվածները, էսսեներն ու ստեղծագործությունները, որոնց հեղինակն էի ես, և որոնք տեղ էին գտել այդ կայքերում: Փաստորեն, ստացվում է, որ այդքան տարի գրածս հոդվածներն ուղղակի անհետանում են, իսկ այդպիսի որոշման հիմքում որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չի լինում: Ես վստահ եմ, որ իրեն հարգող ցանկացած լրատվամիջոց պետք է կարողանա պահպանել իր արխիվը: Վերջին 15 տարվա ընթացքում իմ գրած նյութերի 95 տոկոսից ավելին եղել է ինտերնետային հարթակներում, և դրանց փակման կամ այդ նյութերի ուղղակի հեռացման արդյունքում՝ իմ գրածներն ուղղակի կորել են: Ես մտածեցի տպել այս գիրքը և ֆոկուսացնել այնտեղ մի քանի գաղափարներ, որոնք վերածվել են գրքի: Հետևաբար՝ այս նոր գրքում տեղ են գտել ժամանակին իմ հեղինակած և մամուլում տպագրված մի քանի նյութեր, որոնց վրա ես հատկապես մեծ ջանքեր եմ ներդրել, բայց դրանց մեծ մասն արդեն չկա»:

Վահան Իշխանյանը նկատում է, որ նոր գրքում հավաքված նյութերի մեծ մասն էականորեն տարբերվում է մամուլում հրատարակված բնօրինակներից, որովհետև տարիների ընթացքում հեղինակը չի դադարել աշխատել դրանց, հատկապես՝ գրքում տեղ գտած առաջին հոդվածի՝ «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ»-ի վրա.

«Ավելի քան 25 տարի բոլորն ընդունում են, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակներ են, մարդիկ անընդհատ փախնում են այստեղից, շարունակ թիրախներ փնտրելով՝ արդարացնելու համար իրենց փախուստը: Որոշակի շրջանակներ հայտարարում են, որ երկիրը լքելու իրենց հիմնական պատճառը՝ Հայաստանը Ռուսաստանի գաղութ լինելու մեջ է: Հիմա էլ՝ այս պահին, ընտրություններից առաջ որոշ ուժեր, օրինակ, ՀԱԿ-ը հայտարարում է, որ խնդիրը թաղված է Ղարաբաղյան հիմնահարցի մեջ, բայց երբ խորքային հայացք ես նետում բուն երևույթին, նկատում ես, որ դրանք ընդամենը կեղծ թիրախներ են: Իրականում Հայաստանը շատ նման է միաբևեռ աշխարհին: Կապիտալիզմի միաբևեռության ֆոնին դրա դեմ պայքարող ուժերը շատ թույլ են կամ չկան: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում, որտեղ միաբևեռ կապիտալիզմ է իշխում, և որին դիմադրող ուժեր նույնպես չկան:

Այդ ուժն անընդհատ խժռում է իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ, մարդիկ թուլանում, աղքատանում և հեռանում են երկրից: Աշխարհից Հայաստանը տարբերվում է միայն նրանով, որ Հայաստանն ինքն իրենով արդեն իսկ միաբևեռ է՝ ի տարբերություն կապիտալիզմի ճիրաններում հայտնված այլ երկրների, որտեղ, ասենք՝ հենց Արևմուտքում, կան կապիտալիզմին դիմադրող ձախ շարժումներ, ինչպես Կուբան, Վիետնամը և այլն: Հայաստանում որևէ բանի դեմ իրականում չեն պայքարում՝ ո՛չ կապիտալիզմի, ո՛չ միաբևեռության: Այստեղ կա մարդկանց մի խումբ, որ մտածում են անդադար հարստանալու մասին, իսկ մնացած մասն ուղղակի փախնում են աղքատության ճիրաններից: Սա կապիտալիզմի նոր լիբերալ իդեոլոգիայի արդյունք է, որին դիմադրող արժեքներ պարզապես չեն ստեղծվում, այսինքն ՝միակ և իշխող իդեոլոգիան չի կարողանում ինքնաքննադատության ենթարկվել, հասկանալու համար, որ սխալներն իր ներսում են, որի արդյունքում էլ և սկսում են կեղծ թիրախներ փնտրել»:

Գրող Վահան Իշխանյանի նոր՝ «Ռուսուլմանի նոթերը» գրքի շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընկերները: Ընթերցողները նոր գիրքը կարող են փնտրել երևանյան գրախանութներում:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ