Անի Քրիստին ամերիկյան կյանքի, մայրանալու և ֆինանսական միջոցների մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Անի Քրիստին ամերիկյան կյանքի, մայրանալու և ֆինանսական միջոցների մասին. life.tert.am

Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել, թե ինչ կյանքով են ապրում Հայաստանից հեռացած հայտնիները։ Երգչուհի Անի Քրիստին տևական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։ Անին արդեն ստացել է Ամերիկայի  քաղաքացիություն։ Մեզ հետ զրույցում երգչուհին խոսել է առաջիկա անելիքներից, ԱՄՆ–ում հաստատվելու բարդությունների, մայրանալու և ոչ միայն այդ ամենի մասին։

-Անի, վերջերս որոշ ժամանակով եկել էիք Հայաստան։ Այդ ընթացքում ներկայացաք որպես հաղորդավարուհի։ Հիմա կրկին ԱՄՆ-ում եք։ Այժմ ինչո՞վ եք զբաղվում։

– Հայաստանից վերադառնալուց հետո ավելի ինտենսիվ զբաղված եմ իմ ապագա «Անի Քրիստի» վոկալ դպրոցը հիմնելու աշխատանքներով։ Փորձելու ենք պատրաստել այս դարին համապատասխան երգիչներ և երաժիշտներ։

Այժմ ուսումնասիրում ենք տարածքը։ Ինձ համար նպատակային է, որ այն լինի հայաշատ թաղամասում, որովհետև իմ աշակերտները, ուսանողներն ավելի շատ հայեր են լինելու։ Հետաքրքիր բաներ եմ մտածել սաների համար, որպեսզի հաճելի մթնոլորտ լինի։ Կարծում եմ՝ 2017–ին կլինի բացումը։

 

 

–Շատ երգիչներ ԱՄՆ-ում ավելի կայուն դարձան ֆինանսական տեսանկյունից։ Ձեզ մոտ նկատելի փոփոխություններ կա՞ն:

–Ամերիկայում մի օրենք կա, ասում են՝ չի կարելի հարցնել ո՛չ կրոնի, ո՛չ աշխատավարձի մասին։ Ես երբևէ նույնիսկ իմ կոլեգաներին չեմ հարցրել, թե ինչ հոնորարով են աշխատում, որովհետև ինձ համար դա շատ երկրորդական բան է։ Այն երգարվեստով, որով ես կցանկանայի, որ շատերը փայլեին, այստեղ ֆինանսական կայունության մասին խոսք լինել, անգամ, չի կարող, գոյատևելու մասին, ինչու չէ, կարող ենք խոսել։

Որպես կանոն՝ բոլոր այն մարդիկ, որոնց մասնագիտությունը երգ–երաժշտությունն է, էստեղ կողմնակի աշխատանք ունեն, որովհետև նրանցից շատերն ունեն ընտանիք, ծախսերն ավելի շատ են։  Առօրեական  պատասխան եմ տալիս, բայց բոլորս էլ մարդ ենք՝ անկախ մեր ստատուսից, ապրում ենք նույն կերպով։ Այստեղ տան  վարձակալությունից մինչև երեխաների դպրոց գնալը ֆինանսական միջոցների հետ են կապված, հայրենիքում մենք  չունենք այդ խնդիրը։ Էստեղ մի քիչ  ավելի դժվար է։ Դրա համար իմ կոլեգաներից շատերը բռնում են այն ռեստորան ճանապարհը, որը, գուցե, իրենց համար այդքան էլ հաճելի չէ, բայց նրանք ստիպված են դա անելու, որովհետև կերակրում են իրենց ընտանիքներին։

–Իսկ Դուք երգո՞ւմ եք ռեստորաններում։

–Ես այդ հարցում հաջողակ եմ, որովհետև ապրում եմ հորս հետ։ Իմ պապան միլիոնների  կարողություն չունի, բայց, Փառք Աստծո, ապրում է նորմալ կյանքով, ես էլ իր հետ՝ առանց  ավելորդությունների։ Իհարկե, ես էլ եմ աշխատում, հետզհետե  իմ միջոցները կարողանում են ծառայել մեր ընտանիքի նպատակներին, բայց ուղղակի ծիծաղելի կլինի, եթե ասեմ, որ այստեղ իմ երգարվեստով աստղաբաշխական գումարներ եմ աշխատում, որովհետև իմ երգացանկում 6/8 ձևաչափի ոչ մի երգ չունեմ։ Հետևաբար, ուղղակի չեմ ապրում ռեստորանային կյանքով։

–Տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք։ Ի՞նչն է ձեզ պահում այդտեղ։

 Ես ապրում եմ հորս հետ, վայելում նրա ներկայության բերկրանքն ու ուրախությունը, բացի այդ, ունեմ արդեն հարազատ, բարեկամ դարձած շատ լավ ընկերներ։

Ես չեմ կարող թաքցնել և չասել, որ սիրում եմ Ամերիկան։ Լոս Անջելեսն ավելի շատ եմ սիրում եղանակի համար։ Ե՛վ որպես երգչուհի, և՛ որպես տուրիստ եղել եմ տարբեր երկրներում, Լոս Անջելեսն ավելի եմ գնահատում։ Իհարկե, իմ սրտում, հոգում և գիտակցության մեջ Հայաստանն առաջին տեղում է, սակայն արդեն հարմարվել եմ այստեղ և ինձ լավ եմ զգում։

Իհարկե, թերություններ ևս կան այս երկրում, բայց առավելությունները շատ են։ Հիմա այստեղ ինձ համար ավելի լավ է, քան առաջին տարիներին։ Առաջին 3-4 տարիներին չէի հարմարվում։ Արդեն 7-8 տարի է՝ այստեղ եմ և ամեն ինչ կարգին է։ Ընտանիքիս  մյուս անդամներն էլ են հնարավորություն ունենում գալու, դրա համար կարոտն այդքան էլ  երկար չի տևում։

Երբ լինում է պահ, որ զգում եմ՝ պետք է  վերադառնամ հայրենիք, վերադառնում եմ, իմ կենարար Հայաստանի արևը ոսկորներիս մեջ զգալով սնվում եմ, բարեկամության, ընկերության հետ շփվում եմ և արդեն բալանսի մեջ վերադառնում այստեղ։ Ես սիրում եմ Ամերիկան, առանց թաքցնելու կարող եմ ասել։

–Ամերիկյան կյանքից հետո շատերը դժվարանում են հարմարվել հայկական իրականությանը։ Ձեզ համար բա՞րդ է, երբ վերադառնում եք հայկական իրականություն։

–Կան մարդիկ, որոնք հայրենիքից արմատախիլ են լինում և տեղափոխվում մեկ այլ աշխարհամաս՝ իրենց սերմերը գցելու։ Նրանք շատ շուտ են ինտեգրվում և ցավով պետք է ասեմ, որ վատ բաներն ավելի շուտ են վերցնում, քան լավերը՝ դառնալով ամերիկացի, եվրոպացի…. առանց հասկանալու, որ մենք հայ ենք  և որտեղ էլ լինենք, պետք է ապրենք մեր սովորույթներով՝ ինչքան հնարավոր է։ Էլ չեմ խոսում  մեզանից ծնված երեխաներին հայեցի դաստիարակելու մասին։

Ես ունեմ ամերիկյան քաղաքացիություն՝ համարվում եմ ամերիկացի, բայց հոգով-սրտով և մտածելակերպով նույն հայ աղջիկն եմ՝ Անին։ Էստեղ էլ ինչ–որ բաներ կան, որոնց հետ չեմ հարմարվում, Հայաստանում էլ։ Էնպես չէ, որ էստեղ չգիտեմ ինչ կյանքով ենք ապրում, Հայաստանում այլ։ Ես  նկատում եմ, որ Հայաստանում շատ մարդիկ ավելի առաջ են մտածում, քան էստեղի մեր հայ համայնքում ապրող մարդիկ։ Սկսած նորաձևության թրենդներից շատ ավելի առաջ են, քան մենք էստեղ։ Դրա համար չհարմարվելու խնդիր ուղղակի չկա։

Ես չեմ հարմարվում նրա հետ, որ ինձ շատ հարազատ, բարեկամ ընկերներից մի քանիսն արդեն աշխատանք չունեն, դժվարանում են գտնել աշխատանք։ Միայն դա է, որ կուզեի ավելի բարելավվեր բոլորի կյանքում։ Հայաստանում շատ ավելի հեշտ է։ Պայծառ կետեր կան, որոնց չհարմարվելու խնդիր չունեմ։

– Ինչո՞ւ եք պասիվացել որպես երգչուհի։

–Պասիվանալու խնդիր երբևէ չի եղել, ուղղակի ես ավելի համեստ եմ իմ արած աշխատանքի մեջ։ Ամեն վայրկյան չեմ բարձրաձայնում դրանց մասին։ Այս ընթացքում «Ամենակարող երգիչ» նախագծում հանդես եկա որպես հաղորդավարուհի, երևի, դրա համար է  պասիվությունս աչք  ծակել։ Հանրայինի հրավերով ևս մեկ անգամ վերադարձա հայրենիք, քանի որ նկարահանվում էր օմ մասին «Բենեֆիս»  ծրագիրը։ Շուտով այն կլինի եթերում։

Այս տարի ակտիվությունս ավելի կնկատվի։ Որպես երգչուհի՝ ես ակտիվ եմ։ Հանրության համար, երևի, պասիվ եմ, քանի որ կան երգեր, որոնք ձայնագրել եմ, սակայն ոչ ոք չի լսել։

Կարծում եմ՝ հաջողությունն ամեն անգամ երևալու մեջ չէ։ Անդադարությունը երգչի կարիերայում այդքան էլ չեմ ընդունում։ Դրանով են պայմանավորված իմ ընդմիջումները։

–Անի, վերջերս խոսել էիք մայրանալու մեծ ցանկության մասին։ Ձեր կյանքում կա՞ այն մարդը, ում տեսնում եք՝ որպես Ձեր ապագա երեխայի հայր։

–Յուրաքանչյուր կին ծնվում է գենետիկական այդ կոդով, որ պետք է մայրանա։ Ես փոքր տարիքից, նույնիսկ  տունտունիկ խաղալու ժամանակվանից, երազել եմ մամա դառնալու մասին, բայց չեմ հոգնի ասել, որ շատ լուրջ  եմ վերաբերում այդ փաստին։ Այդ տեսակը չեմ, որ ուղղակի մայրանամ, երեխային դաստիարակեմ ինչպես պատահի։ Կմայրանամ այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեմ և  կստեղծեմ բալիկ այն տղամարդու հետ, ում կհամարեմ, որ պետք է լինի իմ ամենավերջին տարիների ընկերը։ Իհարկե, շատ լավ գիտեմ, որ դա շատ դժվար է լինելու, բայց, ինչպես ասում են, ուշ լինի, բայց լինի տեղին և ճիշտ մարդու հետ։ Ամեն ինչ առջևում է։

– Շատ կանայք, երբ արդեն բնազդաբար ուզում են մայրանալ, պատրաստ են նաև  միայնակ մայր դառնալ։ Դուք պատրա՞ստ եք, թե՞ երեխա կունենաք միայն ամբողջական ընտանիքում։

–Իհարկե, ընտանիքն ամբողջական է, երբ կա հայր, մայր, երեխա կամ երեխաներ։ Ես ոչ մեկի ճակատագիրը քննարկելու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ կարող եմ ինչ–որ կարծիք  արտահայտել։ Միայնակ մայր լինելու պատճառները տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր ամուսնանում են, բայց վերջում դառնում են միայնակ մայր կա հայր։

Առանց մեծ–մեծ խոսելու կարող եմ ասել, որ կցանկանամ իմ ընտանիքը լինի ամբողջական, որովհետև ինձ համար շատ կարևոր է այդ հոր, մոր գործոնն ընտանիքում։ Բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու իր կյանքում։ Այդ ամբողջական  ընտանիքները մեկ էլ դառնում են միայնակ կամ հակառակը՝ միայնակները դառնում են ամբողջական։

Միայնակ մայր դառնալու ցանկություն բացարձակ չունեմ։ Ասում են՝ Աստծուն մի պատմիր քո պլանների մասին և մի ծիծաղեցրու  իրեն, բայց ինձ համար ամբողջական  ընտանիքն է իդեալական։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր