Էթիկայի հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերի համաձայն՝ 2008 թվականից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանը 185 հազար 790 ԱՄՆ դոլար փոխառություն է տվել և 6 մլն 815 հազար դրամ տոկոս է ստացել:
Ընդ որում, 185 հազար 790 ԱՄՆ դոլարը Մկրտումյանը 2014 թ-ին որպես դրամական միջոց էր հայտարարագրել, սակայն 2015-2016 թվականների հայտարարագրում այն ձևակերպվել է որպես փոխառություն, որից պաշտոնյան տոկոսներ է ստացել:
Միաժամանակ, հայտարարագրում նշվում է, որ Մկրտումյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 17 մլն դրամ, իսկ տարվա վերջին՝ 20 մլն, եկամուտը կազմել է 23 մլն 783 հազար դրամ: Որից 6 մլն 815 հազար դրամը կազմել է տրված փոխառության դիմաց ստացած տոկոսը, մնացածը՝ աշխատավարձը:
Էթիկայի հանձնաժողովը հաղորդում է, որ Մկրտումյանը շատ պաշտոնյաների պես չի հայտարարագրել տեղեկություններ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ, սակայն ուշագրավ է, որ պաշտոնյայի կինը՝ Մարինե Մկրտումյանը, թեև չի աշխատում, սակայն 2015-2016 թվականներին 30 հազար դոլար դրամական միջոց է հայտարարագրել: