Թուրքիայում կան թեմաներ, որոնց վերաբերյալ կան չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ։ Այդ թեմաներից են Թուրքիայում 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածին վերաբերվող շատ մանրամասներ։
NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Դերսիմի կոտորածի ժամանակ ժողովրդի պաշտպանությունը կազմակերպած Սեյիթ Ռըզայի և Աթաթուրքի միջև գաղտնի խոսակցությունը, որի մասին բարձրաձայնել է թուրքական Yeni Safak պարբերականը՝ ներկայացնելով այդ ամենը ապացուցող Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության փաստաթուղթը։
Ըստ այդ փաստաթղթի, թուրքական դատարանի կողմից Դերսիմի ապստամբության առաջնորդ Սեյիթ Ռըզայի դեմ մահապատժի որոշում կայացնելուց հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նրա հետ գաղտնի հանդիպում է անցկացրել։
Հանդիպման ժամանակ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աթաթուրքը Սեյիթ Ռըզային ասել է, որ եթե նա ասի, որ փոշմանել է և ներում հայցի, մահապատիժը չեն իրականացնի։ Սեյիթ Ռըզան պատասխանել է, որ ինքը այնպիսի բան չի արել, որ փոշմանի կամ ներում հայցի, քանի որ ընդամենը փորձել է պաշտպանել իրենց կյանքը, հողերն ու տները։
Սեյիթ Ռըզան Աթաթուրքին հիշեցրել է, որ իրեն խաբելով են ձերբակալել։ Նա նշել, որ երբ կանչել էին իբր Աթաթուրքի հետ խաղաղության համար բանակցելու, ինքն իր կամքով եկել է, սակայն նահանգապետը ձերբակալել է։ «Այսքանից հետո ձեզ ինչպես վստահեմ։ Ես իմ արած որևէ բանի համար չեմ փոշմանել ու ներում էլ չեմ հայցելու, սա իմ վերջին խոսքերն են»,-ասել է Սեյիթ Ռըզան։
Աթաթուրքն այս խոսքերից կատաղել է՝ հրահանգելով տանել կախաղան բարձրացնելու Ռըզային։ «Ես գնում եմ մահվան։ Թող դա ինձ դարդ լինի, իսկ որ ես չխոնարհվեցի ձեր առաջ, թող դա էլ ձեզ համար դարդ լինի»,-ասել է Սեյիթ Ռըզան։
Նշենք, որ Սեյիթ Ռըզան ծնվել է Դերսիմի գյուղերից մեկում, հանդիսացել է ալևի-զազա ցեղերից մեկի առաջնորդը, գլխավորել թուրքական պետության դեմ ապստամբությունները։ Թուրքական մամուլում բազմաթիվ վկայություններ կան, որ նա հայ է եղել։ Նրա վրանից խուզարկության ժամանակ հայտնաբերել են հայերեն գրություններով խաչեր և հայերենով գիրք։
Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչև 100 հազար հոգի։
1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, և Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։