Ինչպես հայտնի է՝ օրերս Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Սերը տարիք չի հարցնում» ֆրանսիական իրավիճակային կատակերգության պրեմիերան: 2 գործողությամբ այս ներկայացման դերասանական կազմում են Մարիամ Ադամյանը, Գոհար Իգիթյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը և Հրաչյա Հարությունյանը, ով և բեմադրել է ներկայացումը:
Life.panorama.am–ը «Սերը տարիք չի հարցնում» կատագերկության, դերասանական կազմի և հանդիսատեսի արձագանքի մասին խոսել է դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ:
««Սերը տարիք չի հարցնում» ներկայացման անվանումն արդեն պատմում է, թե ինչի շուրջ է պատմությունը ծավալվում: Կարծում եմ՝ ցրտաշունչ ձմռանից հետո սա շատ տեղին ներկայացում է, քանի որ մարդն իր տեսակով երեկարշունչ ձմռանից հետո նոր ապրումների, հույզերի ու կրքերի կարիք է ունենում: Ներկայացումը հենց այս մասին է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր տարիքից, ցանկություն ունի նոր էմոցիաներ ապրել, քանի որ դա մարդուն ուժ ու կյանք է տալիս: Ըստ իս՝ ներկայացումը դիտելիս ոչ թե պետք է կենտրոնանալ տարիքային տարբերության, այլ սիրո առկայության փաստի վրա, որովհետև մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի: Գլխավորը կյանքում սիրո առկայությունն է, այդ ժամանակ մնացյալ ամեն բան երկրորդական է դառնում»,- պատմեց Նարինեն: Նա մարմնավորում է Ջուլիային, ով գլխավոր դերակատարի՝ Էդուարդ Կոլումբիի դուստրն է ու սիրահարված է իրենից տարիքով մեծ բանաստեղծի:
Ըստ Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեի՝ 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր դասախոսին՝ Էդուարդ Կոլումբին։ Միաժամանակ, 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինն ու պարբերաբար ներխուժում է նրա կյանք։ Կինն էլ իր հերթին փորձում է նոր կյանք սկսել իրենից երիտասարդ տղայի հետ։
Խոսելով փորձաշրջանից՝ Նարինեն պատմեց.
«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար միշտ մեծ պատիվ ու նաև պատասխանատվություն է աշխատել Հրաչյա Հարությունյանի հետ, քանի որ նրա նման արտիստի և մարդ տեսակի մեր իրականության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել: Մեծ հաճույք է նրա նման մարդու հետ շփվելն ու նրանից ինչ-որ բան սովորելը: Այնպես, որ փորձաշրջանը շատ հետաքրքիր ու բուռն է անցել, անգամ եղել են իրավիճակներ, երբ ես որոշ մտավախություններ եմ ունեցել, բայց, վստահելով Հրաչյա Հարությունյանի խոսքին, չեմ սխալվել: Փորձաշրջանի մասին խոսելիս՝ կհիշեմ նաև Մարիամ Ադամյանի հետ աշխատանքը, ում հետ առաջին անգամ էինք աշխատում: Քանի որ երկուսս էլ մարմնավորում էինք 19-20 տարեկան աղջիկների, ետնաբեմում մենք միշտ մարզվում էինք, որոնք շատ զավեշտալի էին անցնում: Մարիամը նույնիսկ մեկ անգամ կատակելով ասաց, որ կցանկանար առաջիկայում ևս մեկ ներկայացման մեջ աշխատենք միասին, որպեսզի շարունակենք մարզվել»:
Նարինե Պետրոսյանի խոսքով՝ արդեն իսկ հնչել են բազում կարծիքներ, որոնցից ստեղծագործական թիմն էլ ավելի է ոգևորվել.
«Պրեմիերայից հետո արդեն իսկ նշանակվեցին նոր օրեր, որոնց տոմսերը գրեթե սպառված են: Ի դեպ՝ նախկինում չէր պլանավորվում, որ այդքան շատ կխաղանք այս ներկայացումը, սակայն ընթացքում հասկացանք, որ այն բավականին սիրվեց: Մենք արդեն իսկ լսել ենք բազում լավ արձագանքներ, ինչը անչափ ոգևորիչ է. ինքս շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»,- ավարտեց դերասանուհին:
Լուսանկարը՝ bravo.am