«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ՝ հայտարարում են «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացրին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնից:
Ինչպես նախորդ հինգ փառատոնի ընթացքում, այս անգամ ևս գլխավոր մրցանակը սահմանել է «WEB ԾԻՐԱՆ»-ի անփոփոխ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
6-րդ փառատոնի հաղթող ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից որպես գլխավոր մրցանակակիր կպարգևատրվի 400.000 դրամով և հատուկ դիպլոմով:
Այս տարի առաջին անգամ, որպես փառատոնի աջակից, «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանցին միացել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ (300.000) ՀՀ դրամ և հատուկ դիպլոմ:
Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:
Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթցքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն:
Փառատոնին մասնակցության հայտերն սկսել են ընդունվել մարտի 15-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը:
Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են 2017 թվականի մայիսի 5-ից մինչև մայիսի 20-ը՝ բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:
«Web Ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2017 թ. մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:
Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:
«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև
40 րոպե տևողությամբ ֆիլմեր`առանց ժանրային սահմանափակումների. խաղարկային, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ և այլն:
Փառատոնը խրախուսում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերի պատրաստումը:
«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, ս.թ. մարտի 15-ից մինչև ս.թ. ապրիլի 30-ը ֆիմերը պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ՝ DVD կիրչով կամ ներկայացնել առցանց` որևէ վիդեոհոստինգային պորտալում տեղադրելով և դրանց հղումները [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով:
Ուղարկվող նամակում հարկավոր է նշել ֆիլմի անվանումը, համառոտ տվյալներ հեղինակի մասին, նրա կոնտակտային տվյալները՝ գործող բջջային հեռախոսահամարը և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:
Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:
Ֆիլմերում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երաժշտություն, դրվագներ օգտագործած հեղինակները պետք է նկատի ունենան, որ դրանք կարող են արգելափակվել Youtube-ի կողմից և այդպիսիք օգտագործած լինելու դեպքում ֆիլմերը փառատոնին ներկայացնել համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո միայն: