Օրեր առաջ՝ մարտի 10-ին, Մոսկվայում կայացավ Արամեի սպասված մենահամերգը՝ նվիրված իր բեմական գործունեության 10-ամյակին: Ի դեպ՝ Արամեն նպատակ ունի առաջիկայում մենահամերգով հանդես գալ նաև Երևանում:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր կյանքում կարևոր իրադարձության մանրամասների մասին, ինչպես նաև մենահամերգից արված բացառիկ ֆոտոշարք է տրամադրել.
«Անբացատրելի զգացմունքներ են, երբ հասկանում ես, որ քո սպասվածից ավելի լավ բան ես արել: Սա ոչ միայն իմ, այլև իմ ողջ թիմի աշխատանքն է ու հաղթանակը: Ուարխ եմ, որ այդ կարևոր օրը այլևս նշանավորված է իմ գործունեության մեջ որպես մեծ հաջողություն»,- նշեց Արամեն:
Երգչի սպասված մենահամերգին իրենց ներկայությամբ ու կատարումներով շնորհավորել են հայկական և ռուսական շոու բիզնեսի մի շարք հյուրեր՝ Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Մոնիկա Նազարյանը, Անժելիկա Ագուրբաշը, Դիանա Գուրցկայան և Մարգարիտա Պոզոյանը: Հայտնի հյուրերը կանայք էին, քանի որ մենահամերգը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին.
«Իմ սիրելի ընկերնեն այդ օրը իմ կողքին էին, ովքեր հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով: Այդ օրը հնչեցին նաև զուգերգեր, որոնք կրկին շատ ջերմորեն ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Բեմում ինձ հետ էր նաև Կարեն-Սևակ բենդը և «Կիլիկիա Հայորդիք Վեգաս» պարային խումբը»,- պատմեց երգիչը:
Ի դեպ՝ մենահամերգին Արամեի կինը ոչ միայն նրա կողքին էր ետնաբեմում, այլև բեմում: Աննա Թովմասյանն ու ամուսինը ներկայացրել են իրենց զուգերգը, նրանց ելույթն էլ ավելի հուզիչ է եղել, քանի որ Աննան շուտով բալիկ կունենա, իսկ ակամա բեմում երեքով լինելը էլ ավելի հաճելի տրամադրություն է հաղորդել.
«Իհարկե, չեմ ուզում հուզմունքը կապել այդ փաստի հետ, բայց ամեն դեպքում պետք է խոստովանեմ, որ այդ պահին հուզմունքը պիկի վրա էր»,- ժպիտով նկատեց ապագա հայրիկը:
Մեզ հետ զրույցում Արամեն նշեց նաև, որ հաճելիորեն զարմացած է եղել, երբ հանդիատեսի շարքում ռուսների է նկատել.
«Շատ զարմացած էի, երբ դահլիճում տեսա շատ ռուսների, նրանք պահանջում էին, որ խոսեմ ռուսերեն, ես էլ՝ չմերժեցի: Հուսամ՝ սա սկիզբ է ռուսական հանդիսատեսին նվաճելու ճանապարհին»,- նկատեց նա:
Արամեի մոսկովյան մենահամերգի կազմակերպիչն էր «Euromusic Entertainment»-ը, բեմադրող ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը: Ի դեպ՝ Արամեի մենահամերգի տեսագրությունը շուտով կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև այն հասանելի կլինի DVD տարբերակով:
Ամբողջությամբ՝ Life.panorama.am