Բուժիչ նամակներ
Որպես առանձին հիվանդություն առաջին անգամ ախտորոշել է ֆրանսիացի գիտնական Լա-Էննեկը, 1816թ.։ Հիվանդության հարուցիչ միկոմանրէն` թոքախտի ցուպիկը, հայտնաբերել է Ռոբերտ Կոխը 1882թ.։ 1993թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 24-ը հայտարարել է` «Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր»։
Հայտնի է թոքախտի չորս տեսակ` տարածվում են մարդու, խոշոր եղջերավոր կենդանիների, թռչունների, կրծողների միջոցով։ Մարդու մոտ հիվանդությունը` դեպքերի 95 տոկոսում հարուցում է առաջին տեսակը։ Հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով` հազի, փռշտոցի, բարձր խոսելու ընթացքում։ Որպես վարակակիր` կարող է հանդիսանալ նաև սննդամթերքը. կաթ, միս, ձու, և այլն։
Կոխի ցուպիկը վերանում է ջերմային մշակման ժամանակ։ Մինչև 20-րդ դարի սկիզբը «թոքախտ» և «մահապատիժ» բառերը գրեթե հոմանիշներ էին, ժամանակակից բժշկությունը «զինված» է թե ախտորոշող սարքավորումներով, և թե կանխարգելիչ պատվաստող միջոցներով և անհրաժեշտ դեղորայքով։
Հիվանդության հիմնական պատճառներն են սննդի ոչ բավարար էներգետիկ և սննդային արժեքը, սթրեսը, դեպրեսիան, գիտակցության ճնշվածությունը. հանգամանքներ, որոնք նպաստում են օրգանիզմի դիմադրողականության անկմանը և մարսողության խանգարմանը։
Եթե ստամոքսահյութի թթվայնությունը ցածր է, ապա սննդի մեջ գտնվող մանրէները չեն ոչնչանում և կարող են վնասել ներքին օրգանները, հոդերը, ոսկորները, աչքերը` տարածվելով արյան և ավիշի միջոցով։
Թոքերի ախտահարման դեպքում վնասվում են արյունատար մազանոթները։ Թոքախտը ժառանգաբար չի փոխանցվում։ Հիվանդության զարգացմանը նպաստում է սառը, խոնավ եղանակը և պաղ ուտելիքն ու ըմպելիքները։
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի բժիշկ Ա.Ս. Զալմանովի խորհուրդները, որոնց հետևելով` բուժվել են բազմաթիվ հիվանդներ, ընդ որում, ոչ ստացիոնար պայմաններում, այլ տանը։
* Հիվանդության ինտենսիվ զարգացման շրջանում կարևոր է ապահովել հիվանդի լիակատար հանգիստ վիճակը, որպեսզի թոքերի ֆունկցիոնալ ակտիվությունը լինի մինիմալ։
* Օրը մեկ անգամ պետք է կատարել կամֆորայի ներմկանային ներարկում, շատ չնչին չափաբաժնով` 1-2 խորանարդ սմ։ Կամֆորան լայնացնում է թոքերի կապիլյարները և ակտիվացնում շնչառությունը խորքային շերտերում, արդյունքում` բարձրանում է դիմադրողականությունը միկրոբների, ջերմային, մեխանիկական, էմոցիոնալ ազդեցությունների հանդեպ։
* Խորհուրդ է տրվում օրը մեկ անգամ` 2-3 ժամով, ջեռակ դնել լյարդի հատվածում և նաև տաքացնել թոքերը.
* Տաքացրեք տափակ քարերը ջեռոցում (50 C ջերմության պայմաններում), կրծքի (մեջքի) վրա փաթաթեք բամբակե կամ վուշե լաթ, տեղադրեք գետաքարերը և ամրացրեք վիրակապի միջոցով։ Քարերի հաստությունը պետք է լինի 1,5-2 սմ, ընդհանուր մակերեսը` մոտ 15×15 քառակուսի սմ։
* Խմեք օրը 500-800 մլ կաթ, քաղցրացրեք մեղրով կամ շաքարով։
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է թոքախտի բուժման համար նախատեսված բազմաթիվ դեղատոմսեր։
Չոր հազ- Դժվար բուժվող մրսածությունը կամ բրոնխիտը հաճախ է ուղղորդվում առանց արտադրության հազով, որը կարող է թոքախտի պատճառ դառնալ.
*Մանր կտրատած սխտորը 30 րոպե թրմեք սառը ջրում (1։10), մեկ ժամ եփեք ջրային բաղնիքի վրա` փակ կափարիչով, վերջում ավելացրեք մեղր` 15 գ` 200 մլ եփուկին, և անջատեք կրակը։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով, խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 3-5 օր։
* 1 թ/գ արջի, կուղբի, գայլի կամ գետնասկյուռի ճարպին խառնեք 50 կաթիլ ակնամոմի 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Կերեք օրը մեկ անգամ, ուտելուց կես ժամ առաջ, այդ ընթացքում ոչինչ չուտեք և չխմեք։
* Խառնեք 100-ական գ ճարպ և կարագ, 2 ճ/գ հալվեի հյութ, 1,5-2 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա` պարբերաբար խառնեք, կրակն անջատելուց առաջ ավելացրեք 100 գ լորենու մեղր։ Կերեք 1-ական ճ/գ 200 մլ տաք կաթի հետ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք մեկ շաբաթ, ընդմիջեք և յոթ օր խմեք մումիո, կրկնեք` ըստ անհրաժեշտության։
* 2 ճգ մումիոն լուծեք 100 մլ եռջրում, խմեք 1-ական ճ/գ` նախաճաշից առաջ։
Բուժում է խաղողի ոգեթուրմը
Հայաստանին աշխարհի եզակի երկրներից մեկն է, որտեղ պահպանվել է վայրի խաղողը։ Աստվածաշնչում գրված է. «Որովհետև ամեն մէկ ծառ իր պտղիցն է ճանաչվում, որովհետև փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուցը խաղող են կթում» (Ղուկաս, Զ, 44)։Կարծես թե խոսքը հյութի կամ գինու մասին է։
* Տրորեք թարմ հասունացած խաղողը և խառնեք օղու հետ (1։1), 10-15 օր թրմեք մութ տեղում, օրը 1-2 անգամ թափահարեք տարան։ Խաղողի փոխարեն կարող եք թրմել չամիչը։ Խմեք 25 մլ` քնելուց առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 10 օր, կրկնեք 2-3 անգամ։ Բուժումը կարելի է կատարել նաև կոնյակով։ Խստորեն պահպանեք վերոգրյալ չափաբաժինը։
Բուժում է մսի արգանակը
Ոչխարի թարմ միսը կտրատեք շատ մանր կտորներով` 1 սմx1 սմ (մոտավոր), 2 ճ/գ միսը (մոտ 20-25 գ), լցրեք 500 մլ եռացող ջրի մեջ` եփեք 10 րոպե, ավելացրեք 5-10 հատիկ սև պղպեղ, կես թ/գ կոճապղպեղ (աղացած), 1-2 ատամիկ սխտոր, կես գլուխ սոխ։
Խմեք 200-ական մլ` առավոտյան և երեկոյան։ Շարունակեք 2-4 շաբաթ, ըստ անհրաժեշտության։
Բուժում է բարդին
* Թոքախտի և թոքերի քաղցկեղի դեպքում, որպես օժանդակ միջոց, պատրաստեք սև բարդու բողբոջի թուրմ և ոգեթուրմ.
* 1 ճ/գ հումքը 5 ժամ թրմեք 100 մլ եռջրում` փակ կափարիչով, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ։
* 50 գ հումքը 21 օր թրմեք 500 մլ օղու մեջ, օրը 1-2 անգամ թափահարեք, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ (լուծեք 50 մլ ջրի մեջ)։
Ինչպես է բուժում մեղուն
Ակնամոմը ստացվում է մեղվի գործունեության ընթացքում։
Թոքերի հիվանդությունների բուժման համար շատ օգտակար է ակնամոմի յուղը։
* Հալեցրեք 1 կ/գ կարագ (անալի), անջատեք կրակը, երբ յուղի ջերմաստիճանը հասնի 80 C-ի` ավելացրեք 150 գ մաքրած` նախօրոք սառեցրած, ակնամոմի քերուկ, ծածկեք արծնապատ կաթսան, 20 րոպե թրմեք տաք տեղում (փաթաթեք լաթով)։
Որպեսզի ակնամոմը լավ լուծվի, պարբերաբար խառնեք յուղը։ Կրկին դրեք գազօջախին, 15-20 րոպե տաքացրեք թույլ կրակով, զգուշորեն քամեք (տաք վիճակում) մետաղե քամիչով։ Կերեք 2-3 թ/գ` օրը 3 անգամ։ Բուժման համար կպահանջվի 600-1000 գ ակնամոմ` կախված բուժման ընթացքից։
Այլ ժողովրդական դեղատոմսեր
* Ճակնդեղի հյութը նպաստում է թոքերի բջիջների վերականգնմանը.
– Թարմ հյութը նախապես 2 ժամ պահեք սառնարանում, խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, խմելուց առաջ մի փոքր գոլացրեք։
Զգուշացում։ Չի կարելի ուտել հում միրգ- բանջարեղեն` պետք է խաշել և պատրաստել ապուր կամ խյուս։
Դիմադրողականության անկում, չոր հազ– 1 ձուն հարեք 50 գ շաքարավազի և 1 թ/գ կոճապղպեղի (փոշիացրած) հետ, խառնուրդը լցրեք 100 մլ եռացող ջրի մեջ, 1-2 րոպեից անջատեք գազօջախը։
Խմեք 50-ական մլ` առավոտյան և երեկոյան, շարունակեք 1 շաբաթ։
* Խառնեք 2 ճ/գ գազարի և 5 ճ/գ կոճապղպեղի արմատի քերուկ, եփեք 800 մլ ջրի մեջ` մինչև մնա հեղուկի կեսը։ Խմեք 200 մլ` օրը 1 անգամ, տաք վիճակում։ Շարունակեք 3 օր։
*Չորացրեք նոր հասունացած սխտորի տերևը, փոշիացրեք։ Խմեք կեսական գրամ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 28 օր, կրկնեք ևս մեկ անգամ` 2 շաբաթ ընդմիջելուց հետ։։
Օգտակար խոտաբույսեր
* Թոքերի հիվանդությունների բուժման համար կիրառվող խոտաբույսերից առավել լավ արդյունքներ են ապահովում թոքախոտը, ապուզանը, քարխոտը, կղմուխը, տատրակը, զոպա բժշկականը, քնախոտը (որոնց մասին գրվել է «Բուժիչ նամակներում»), զարմանազան երկնագույնը, իսլանդական մամուռը, հարսնամատ դեղինը (նունուֆար)։
Կարևոր է իմանալ– Ամբուլատոր բուժումը հնարավոր է միայն հիվանդության նախնական փուլում, պարտադիր է դիմել բժշկի։ Ըստ վիճակագրական տվյալների` հիվանդների 80 տոկոսը հաշվառված են հակաթոքախտային բուժհիմնարկներում` դա ժամանակին բուժօգնություն չստանալու և ինքնաբուժության արդյունք է։ Փորձառու բժիշկները զգուշացնում են` ցանկացած հակաթոքախտային դեղորայքի ընդունմանը զուգընթաց` նշանակվում են առնվազն երկու` ոչ «թոքախտային» բնույթի դեղամիջոցներ։
Ջուլիետա Սահակյան
Մարտ 19, 2013
168.am