Արեգ Գալստյանի գրառումը. «Փոփոխություններն անհնար են, եթե հետևողականորեն քննադատում ես իշխանավորներին, բայց առաջին իսկ կանչով, նրանց գիրկն ես նետվում: Մեր, հայերիս ենթագիտակցության մեջ դեռ պահպանվել է զատումը՝ իշխանների և հասարակ մահկանացուների: Մեզ համար նախագահը՝ արքա է, ում հետ բոլորն ուզում են լուսանկարվել, խոնարվել:
Թե մեզնից մեկի հետ հանդիպեց՝ տոն է, խորհուրդ խորին, և այլևս՝ ընտրյալ ես: Այդ ժամանակ, իհարկե, մոռանում ես, որ քո ձայնն է նրա իշխանության աղբյուրը, որ դո՛ւ ես նրան աշխատավարձ վճարում իբրև հարկատու: Դեսպանները՝ մեր արքայի տեղապահներն են, նրա կամքն ու խոսքը: Դե, մնացածն ըստ հաստիքացուցակի…
Մենք հաճախ ենք քաղաքական գործիչներից պահանջում լինել հետևողական, բայց ինքներս այդպիսին լինել չենք ցանկանում: Բոլոր տարաձայնությունները չքվում են, երբ արքա-նախագահը ձեռքը մեկնում է ուսիդ: Մեկ հպումը վերաբերմունք է փոխում, և դու քննադատից վերածվում ես խոնարհ ծառայի:
Ինչ կարիք կա որևէ մեկին կաշառելու ռազմավարություն մշակելու համար գլուխ կոտրել, եթե ձեռքի մեկ հպումն ուսիդ, մեկ լուսանկարը արքայի հետ հրաշքներ են գործում 🙂 »: