Աբովյանի և Հին Երևանցու փողոցների (նախկինում՝ Աստաֆյան և Լալայանց) անկյունում է գտնվում ԱՕԿՍ-ի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության շենքը, իսկ մինչև 1923 թվականը այստեղ է տեղակայված եղել Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը:
Սրբատաշ սև տուֆից երկհարկանի շենքը կառուցվել է 1914-1915 թվականներին տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և նրա ճարտարապետական ժառանգության լավագույն նմուշն է համարվում: Աջակողմյա և ձախակողմյա հատվածներում երկու գմբեթներ ունեցող սլացիկ այս շինությունը եզակի է համարվում Հին Երևանից դեռևս պահպանված ճարտարապետական հուշարձանների շարքում՝ և իր ծավալատարածական յուրօրինակ լուծումներով, և իր անկրկնելի դեկորատիվ հարթաքանդակներով:
Շենքի պատվիրատուն և սեփականատերը եղել է բժիշկ-վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա ծնվել է Երևանում 1865 թվականին ՝ վաճառականի ընտանիքում: Ավարտելով Երևանի արական գիմնազիան, Հովհաննիսյանը շարունակել է ուսումը Խարկովի և Մոսկվայի համալսարաններում՝ ստանալով բարձրագույն բժշկական կրթություն: Հետագայում վիրաբուժության գծով մասնագիտացել է Վիեննայում, Բեռլինում, Փարիզում և Մոսկվայում: 1895-ին Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավայի) հրավերով նա վերադառնում է հայրենիք և մինչև 1907-ը աշխատում է որպես քաղաքային հիվանդանոցի տնօրեն:
Բժշկական աշխատանքին զուգահեռ՝ Հովհաննես Հովհաննիսյանը նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ եղել է Երևանի քաղաքային խորհրդի (դումայի) պատգամավոր և Կովկասի հայկական բարեգործական միության Երևանի բաժանմունքի նախագահը: 1911-ին, թողնելով պետական աշխատանքը, Հովհաննիսյանը բացում է քաղաքի առաջին մասնավոր վիրաբուժական կլինիկան` սկզբում վարձակալած տարածքում, իսկ 1915-ից այն տեղափոխվում է արդեն իր նորակառույց երկհարկանի առանձնատունը՝ ներկայիս Աբովյան 3 շենքը: Հիվանդանոցային սենյակները գտնվում էին շենքի առաջին հարկում, իսկ երկրորդ հարկը բնակելի տարածք էր հանդիսանում, որտեղ ապրում էր բժիշկը:
Հովհաննես Հովհաննիսյանի հիվանդանոցի շենքը 1923-ին պետականացվում է, որից հետո, 1923-1944 թվականներին, այս շենքում է տեղակայվում Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ, ինչպես ընդունված էր ասել, «Մալարիայի հիվանդանոցը»: ԱՕԿՍ ընկերությունը այստեղ է սկսում գործել 1944 թվականից, իսկ 1960-ականներին այս նույն շենքում գործել է նաև Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության գրասենյակը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am