«Մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի». Ռուբեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի». Ռուբեն Բաբայան

Երևանի Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն առանձնապես հետաքրքրված չէ այս օրերին մեր պետության ներքաղաքական կյանքը տակնուվրա արած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով: Պատճառը Ռուբեն Բաբայանի անտարբեր վերաբերմունքը չէ երկրի համար այս կարևորագույն իրադարձության նկատմամբ, այլ պարզապես, ինչպես ինքն է ասում՝ ընդհանրապես քարոզչություն չի սիրում: Այս և առաջիկա սպասվելիք խորհրդարանական ընտրությունների մասին այսօր 168.am-ը զրուցել է Ռ. Բաբայանի հետ և պարզել հետևյալը.

«Որպես ընտրող կողմնորոշվելու համար քարոզարշավի կարիք չունեմ: Ես ապրում եմ այս երկրում, բոլորին լավ ճանաչում եմ, ամեն ինչ գիտեմ ու վերջին մի ամսվա ընթացքում չէ, որ ընտրությունների հարցում պետք է ինչ-որ կողմնորոշումների հանգեմ: Պետք է պարզապես համատեղել իրենց թեկնածություններն առաջադրողների ասածներն ու կատարած աշխատանքը, յուրաքանչյուրի կենսագրությունը, արժեքային համակարգը, որ, կարծում եմ, քարոզարշավով չի որոշվում: Իհարկե, քարոզարշավն էլ կարևոր և անհրաժեշտ իրողություն է, բայց կոնկրետ ինձ համար և իմ կարծիքով՝ ոչ այնքան արդյունավետ: Գիտե՞ք, մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի»,- կեսկատակ նկատում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը, ով մեզ հետ խոսելու պահին իր ղեկավարած կոլեկտիվի՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի անձնակազմի հետ գտնվում էր սահմանամերձ Նոյեմբերյանում, որտեղից անմիջապես հետո պատրաստվում էր ուղևորվել դեպի Բերդավան:

Անդրադառնալով վերջին օրերին քարոզարշավի ընթացքում գրանցված կրակոցներին և ներկուսակցական քաշքշուկներին, Ռուբեն Բաբայանն ասում է.

«Դա հանցագործություն է, որ ցույց է տալիս, որ մեր երկրում, ցավոք, արժեքային համակարգը կաղում է: Սա ոչ թե քարոզարշավի արդյունք է, այլ մեր կյանքի արդյունքը: Այնպես չէր, չէ՞, որ մեր կյանքը նորմալ անթերի հունով էր ընթանում, մեկ էլ հանկարծ քարոզարշավի ժամանակ սկսում են հանցագործություններն ու կրակոցները: Կարծում եմ՝ սա պարզապես բնական ընթացք է, չնայած ոչ շատերի համար այն մնում է միակ ինքնահաստատվելու ձևը»:

Ռուբեն Բաբայանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք անդրադարձանք նաև վերջին օրերին մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հայաստան ժամանելով՝ հայտնի սփյուռքահայերը (Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան) դիտորդություն անելու ներքո այլ նպատակներ են հետապնդում: https://168.am/2017/03/15/767337.html:

«Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում բոլորին, առավել ևս, մեր հայրենակիցներին, ովքեր ապրում, աշխատում և հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս, բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայացնելու գործն առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտականությունն է: Մենք որևէ մեկի համար չէ, որ պետք է կայացնենք այս պետությունը, այլ միայն և միայն ինքներս մեզ համար: Երբ մենք մեր հույսն ամբողջովին միայն մեզ վրա դնենք և կարողանանք ինքներս մեր խնդիրները լուծել, այլ ոչ թե սպասել, թե Մոսկվան, Վաշինգտոնը, մեր դրսի հայրենակիցը կամ չհայրենակիցն ինչ է ասում, միայն այդ ժամանակ կկարողանանք կայանալ՝ որպես պետություն, իսկ պետություն կայացնելու գործը երկար ու ամենօրյա տքնաջան աշխատանք պահանջող պրոցես է: Ժամանակն է եկել, որ մենք խոսենք մեր երկրի՝ որպես պետության մասին, որովհետև, երբ մենք խոսում են երկրի մասին, ամեն ինչ մի քիչ լղոզված է ստացվում: Երբ ասում ես՝ երկիր, ամեն մեկը յուրովի է հասկանում՝ մեկը ՝ Ծովից ծով Հայաստան, մյուսը՝ 29 հազար քկմ տարածք, և այլն: Պետությունը կոնկրետ ինստիտուտ է, որը կարիք ունի կայացվելու, և ընտրությունն այդ կայացմանը նպաստող ինստիտուտներից մեկն է»:

Զրույցի ավարտին 168.am-ը հետաքրքրվեց՝ ո՞ւմ օգտին է պատրաստվում քվեարկել ինքը՝ Ռուբեն Բաբայանը.

«Կարծում եմ, 90 տոկոսով գիտեմ, թե ում եմ տալու իմ ձայնը: Բոլոր դեպքերում դեռ ժամանակ կա, բայց ես չեմ պատրաստվում բարձրաձայնել իմ ընտրությունը, որովհետև բացի թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր լինելուց՝ ես նաև մանկավարժ եմ…»:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ



Նման նյութեր