ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների հետ
Advertisement 1000 x 90

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների հետ

«Արցախում որոշվում է մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը, մեր կանանց, աղջիկների պատիվը  և մեր ազգի վաղվա օրը». Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպումները Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում

 

«Մենք հստակ հայտարարել ենք և ունենք համալիր ծրագիր, որն իրագործելու արդյունքում ունենալու ենք անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան՝ բարեկեցիկ և ակտիվ քաղաքացիներով», – 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների հետ մարտի 15-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ առաջին փոխնախագահին հարց է ուղղվել Արցախի հարցի լուծման և խաղաղության հեռանկարների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀԿ նախընտրական ծրագրում շատ հստակ ձևակերպում  է տրվել և′ անվտանգության, և′ Արցախի հարցի լուծման հարցերին: «Մի բան ակնհայտ է. բոլորս այսօր Արցախին վերաբերվում ենք որպես հայկական աշխարհի մի կտոր, որը ֆրոնտային գիծ է, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը, մեր կանանց, աղջիկների պատիվը  և մեր ազգի վաղվա օրը: Այս հարցում մենք շատ հստակ, հետևողական ծրագիր ունենք և մեր արժանապատվությունն ու դիրքը երբևէ չեն տուժելու: Բանակցային գործընթացում մենք կգանք այնպիսի տարբերակի, որպեսզի պատերազմական ռիսկերը նվազեցնենք նախ մեր ուժեղ լինելով, և,եթե հակառակ կողմը բանակցային տրամաբանության գա, կարծում ենք, որ կգտնենք այնպիսի տարբերակ, որի պարագայում մեր ինքնասիրությունը, մեր արժանապատվությունը և մեր ժողովրդի ներքին «ես»-ը չի տուժի»:

Նուբարաշենցիների ու էրեբունցիների հարցերը սոցիալական, առողջապահական ու կրթական ոլորտների, երիտասարդ ընտանիքներին աջակցության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, տնտեսության զարգացման, զբոսաշրջության խթանման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ էին: Կարեն Կարապետյանը նշել է, որ այս ուղղություններով արդեն իսկ ֆունդամենտալ բարեփոխումներ են սկսվել, որոնք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում մեծ թափով կշարունակվեն:  «Որպեսզի աշխատատեղ ու հավելյալ արժեք ստեղծվի, աշխատավարձը, թոշակն արժանավայել լինեն, երիտասարդ ընտանիքները խրախուսվեն, ուղղակի պետք է զարգացնենք մեր տնտեսությունը»,- ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ զբոսաշրջության խթանումն առաջնահերթություն է, իսկ մայրենի լեզվի պահպանումը՝ խիստ կարևոր: «Մենք այն եզակի հին ազգերից ենք, որոնք այսօր  պետականություն ունեն: Պետք է ակտիվ աշխատենք մեր երկիրն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու, ճանաչելի ու հետաքրքիր դարձնելու ուղղությամբ: Չափազանց կարևոր է մեր լեզուն պահպանենք, որը հայի իդենտիֆիկացիայի հիմնաքարային բաղադրիչներից է: Մեր ծրագիրը հետաքրքիր է նաև նրանով, որ ասում ենք՝ ցանկանում ենք լինել ժամանակակից երկիր, ժամանակակից քաղաքացի, աշխարհի համար ճանաչելի ու ընկալելի, բայց ոչ մեր ավանդույթների հաշվին: Մենք ուշադիր ենք լինելու այդ հարցում», – շեշտել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Կ. Կարապետյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային համագործակցության խորացմանը, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող դրույթներին:

Հարց է հնչել Խորհրդային միության փլուզումից հետո օտարված և առ այսօր չաշխատող  ձեռնարկությունների վերագործարկման վերաբերյալ: ՀՀԿ առաջին փոխնախագահի կարծիքով՝ միանշանակ չէ, որ այդ ձեռնարկությունների վերագործարկումն այսօր ակտուալ է, բայց միանշանակ է, որ սեփականաշնորհված սուբյեկտները և սեփականատերերը պետք է որոշակի պատասխանատվություն կրեն իրենց վերցրած գույքի համար: «Ինչպե՞ս ենք նախատեսում դա անել: Մենք ցանկանում ենք գույքահարկերը սահմանել  պրոգրեսիվ աճող, որի պարագայում աշխատող ձեռնարկությանը զիջում ենք այդ աճող մասը, չաշխատող ձեռնարկությանը դրանով դրդում ենք տեղից շարժվել», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ելույթում ընդգծել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀԿ նախընտրական ծրագրում մեծ տեղ է զբաղեցնում: «Վստահ եղեք՝ մենք ոչ թե խոստումներով ենք առաջնորդվում, այլ աշխատանքով: Մենք չենք բավարարվում կատարվածով և շարժվում ենք առաջ նոր ծրագրերով: Մենք միասին պետք է կառուցենք մեր պետությունը: Կոչ եմ անում ձեզ վստահել այն ուժին, որը պատրաստ է պատասխանատվություն վերցնել և ժողովրդի հետ աշխատել: Միասին կարող ենք շատ խոչընդոտներ հարթել և կառուցել մեր երազած երկիրը», – նշել է Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարում առաջադրված, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀԿ նախընտրական ծրագրի իրատեսական լինելու հանգամանքին: «Մեր քաղաքական թիմն ունի փորձառություն, որը մեզ հնարավորություն է տալիս շարժվել ու նայել առաջ: Առաջին հերթին իրատեսական ասելով հասկանում ենք վստահություն մեր և ձեր մեջ, որ մենք գիտենք՝ ինչ ենք անելու վաղը: Մեր ծրագրի այս կամ այն կետն իրագործելիս դա  չենք անելու ի վնաս այլ ծրագրի: Որպես իշխանություն՝ կատարած գործերի վրա հենվելով և առաջ նայելով հստակ գիտենք, թե ինչպես ենք անելու մեր ասածը: Ընտրե′ք այն քաղաքական ուժին, որը վստահ եք՝ կատարելու է այն, ինչ ասել է», – ասել է Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարում ներկայացված, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագրի՝ առողջապահության ոլորտի բարեփոխումներին վերաբերող դրույթները: «Վստահ եմ, որ պետք է արմատախիլ անենք  կաշառակերությունը: Հպարտ եմ ու շատ վստահ այն քայլերի համար, որ անում է վարչապետ Կարեն Կարապետյանը, որովհետև տեսնում եմ հետևողականություն, հնարավորություն, ջանք ու եռանդ: Մենք բոլորս միասին պետք է գնանք դրան: Չի կարող մեկ մարդ այդ գործն անել, որովհետև դրանք մեր բոլորի խնդիրներն են: Մենք պետք է կարողանանք ստեղծել մի հասարակություն, որը  հնարավորություն է տալիս բոլորին», – ընդգծել է Արա Բաբլոյանը:

«Եղե′ք լավատես: Վստահ եղե′ք, որ մենք մեր երկիրը փոխելու հնարավորություն ունենք: Յուրաքանչյուրս այդ գործին մասնակցելու պարտավորություն ունի: Ապրիլի 2-ին ծրագիրը ձեր միջով անցկացրեք և եթե ուզում եք լավ երկիր ունենանք, պատրաստվեք, որ կանոնավոր, քրտնաջան աշխատելու ենք, բայց արդյունքում ունենալու ենք այն, ինչի մասին երազում ենք», – ամփոփիչ խոսքում հորդորել է Կարեն Կարապետյանը:

lovearmenia.am



Նման նյութեր