Տիկնիկների միջազգային օրվա կապակցությամբ մարտի 21-ին Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կբացվի Տիկնիկների պատկերասրահը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` շենքը գտնվում է Աբովյան փողոցում: 1914թ. կառուցված շենքի մի մասը զբաղեցնելու է Տիկնիկների պատկերասրահը: 1921 թվականին այդտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը։
Բացման հանդիսավոր արարողությանը կուղեկցվի «տիկնիկների երթով» և փոքրիկ ներկայացում կցուցադրվի:
Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հղած նամակում առաջարկել էր Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը, որն այժմ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավարն է։ Թանգարանի գաղափարի իրագործումը հնարավոր դարձավ մասնավոր անձի ներդրման շնորհիվ։
Մշտապես կցուցադրվեն հայկական ծիսական, հնաոճ, խորհրդային տարիների, հեղինակային, թատերական, հուշանվերային տիկնիկներ, ինչպես նաև տիկնիկներ անվանի հայերի հավաքածուներից։ Կցուցադրվի նաև պատկերասրահի առաջին խոշոր նվիրատուի՝ ամերիկահայ Ալիս Նավասարգյանի հավաքածուն (192 տիկնիկ)։