Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը. մասնագետ
Advertisement 1000 x 90

Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը. մասնագետ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սուր շնչառական վարակների և հանրապետության տարածքում դրանց իրավիճակի մասին.

«Ի ուրախություն մեզ՝ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը մոտենում է իր տրամաբանական ավարտին: ՀՀ-ում ներկայումս գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Եթե համեմատենք անցյալ տարվա և ընթացիկ տարվա միևնույն ժամանակահատվածի արձանագրված մոնիտորինգային տվյալները՝ ցուցանիշների կրկնակի պակաս է արձանագրվում: Միևնույն ժամանակ, տեսնում ենք, որ գրիպի և սուր շնչառական վարակների պատկերը բավականին մեղմ է եղել թե՛ հիվանդների, թե՛ նրանց քանակի, թե՛ կլինիկական բարդությունների, և թե՛ հոսպիտալացումների առումներով»։

Բանախոսը մանրամասնում է՝ եթե ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում հանրակրթական դպրոցներում դպրոցահասակ երեխաների հիվանդացությամբ պայմանավորված՝ գրանցվեց որոշակի բարդ իրավիճակ՝ գործ ունենալով գրիպի A տեսակի H3 ենթատեսակի, այսինքն՝ սովորական, սեզոնային գրիպի տեսակի հետ, ապա ներկայումս գրիպի այս տեսակը փոխվել է՝ շրջանառության մեջ մտնելով գրիպի B տեսակը, որը նույնպես հասարակ մարդկային գրիպի վիրուսի տարբերակ է.

«Թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ եվրոպական մի շարք երկրներում, թե՛ տարածաշրջանային՝ Վրաստանում և մեր հանրապետությունում շրջանառվում են գրիպի AH3 տեսակը, միաժամանակ՝ նաև գրիպի B տեսակը, որն առավել մեծ թիվ է գրանցում: B գրիպը գրիպի մյուս տեսակներից ոչնչով չի տարբերվում, փոխանցվում է նույն՝ օդակաթիլային մեխանիզմով, ախտահարում է վերին և ստորին շնչուղիները: Գրիպ B-ով վարակվածների մոտ բարդությունները մի փոքր ավելի ակնառու են, որովհետև այն վերջին մի քանի տարիների ընթացքում չի շրջանառվել: Այն ակտիվ է հատկապես այս տարվա ընթացքում»:

Հաշվի առնելով դեռևս ընթացիկ սեզոնը՝ Լիանա Թորոսյանը կարևորեց՝ ազգաբնակչությանը և հատկապես թիրախային խմբերին՝ հղիներին, մանկահասակ երեխաներին և նրանց ծնողներին, քրոնիկ հիվանդություններով տառապողներին, նաև ծերերին հիշեցնել, որ գրիպից և սուր շնչառական վարակների բարդություններից խուսափելու համար խուսափեն ինքնաբուժմամբ զբաղվելուց, ժամանակին և պատշաճ կարգով դիմեն բժշկական օգնություն ստանալու համար, հագնվեն եղանակին համահունչ, վարեն առողջ ապրելակերպ, հաճախակի օդափոխեն փակ տարածքները, խստորեն հետևեն անհատական, հատկապես՝ ձեռքերի հիգիենային:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ