Երգիչ, կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը մարտի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգային ծրագրով: Կայանալիք համերգի մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:
«Համերգը նվիրված է կանանց միամսյակին: Ծրագրում ներառվել են Ագուտինի երգացանկի լավագույն ստեղծագործությունները: Նա կներկայացնի երգեր նաև նոր ձայնասկավառակից»,- նշեց «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղոյանը:
Նրա խոսքով` Լեոնիդ Ագուտինը ռուսական «Голос» նախագծի շրջանակում համագործակցել է բազմաթիվ հայ երիտասարդների հետ և դեմ չի եղել համերգային ծրագրով ներկայանալ նաև Հայաստանում:
Երգիչը հանդես կգա «էսպերանտո» երաժշտական խմբի հետ:
Ծրագրի նախաձեռնողները նշում են, որ իրենց անցկացրած սոցհարցումների համաձայն` Լեոնիդ Ագուտինը երկրպագուների մեծ բանակ ունի Հայաստանում: Նրանց կարծիքով` Ագուտինին սիրում են տարբեր սերունդների ներկայացուցիչները:
Համերգի կազմակերպիչներն են Mezzo production և Prime Concert ընկերությունները: