«Քաղաքական ընտրություններին ցանցերի դերը գերագնահատվում է»,- Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ մարտի 21-22 Երևանում կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումին ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Իհարկե նախկինում կայքերը, ֆեյսբուքը այնքան զարգացած չէին, որքան այսօր, բայց ես կարծում եմ, որ այսօր մեր կուսակցությունները և նրանց քարոզողները, նրանք, ովքեր զբաղվում են քարոզչությամբ, մի փոքր գերագնահատում են դրանց նշանակությունը»,- ասաց նա։
Արամ Աբրահամյանն հետևյալ համեմատությունն արեց. «Ֆեյսբուքը ցնցուղի շիթեր են, որոնք ընկնում են Ձեր վրա և կարող եք մի փոքր լողանալ։ Իսկ հեռուստաընկերությունն ամբողջ խողովակով մի բան է, որ ընկնում է գլխիդ և շատ ավելի ազդեցիկ է այսօր, քան Ֆեյսբուքը»։ Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր քարոզչական միջոցները խառնվում են աշխարհում գոյություն ունեցող մի թրենդի, որն է՝ պետք է գա մի «թագավոր» և բոլոր խնդիրները լուծի: «Այդ բոլոր հնարքները, որ մեր PR մասնագետներն օգտագործում են, ավելի թույլ են, քան ժողովրդի տրամադրությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ժողովրդի տրամադրությունն արտահայտվում է մի շատ գեղեցիկ տիկնոջ խոսքով, որը վերջերս մասնակցելով փողոցային հարցման՝ ասել էր, որ կընտրի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ այն հզոր է, բայց համակրում է Գագիկ Ծառուկյանին:
Նյութի աղբյուրը` Hayastan24.com