Երգչուհի Սյուզի Մելիքյանը տևական ժամանակ է նորություններ չի ներկայացնում իր հանդիսատեսին: Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզին ասաց, որ այժմ ստեղծագործական պրոցեսում է:
«Պասիվանալու պահ չկա, ուղղակի խնդիրն այն է որ ես դժվարությամբ եմ ընտրություն անում: Երգը պետք է լիարժեք իմ սրտով լինի, լիքը բաներ համապատասխանեն իմ ոճին, որ կարողանամ երգել: Ես երկար ժամանակ սպասում եմ մինչև իմ սրտով երգ լինի: Երգն ինձ համար այնպիսի ոլորտ է, որ պիտի լիարժեք լցվեմ, հետո նորություն ներկայացնեմ: Ավելի լավ է տարին մեկ անգամ գործ անես, որակով լինի: Ես այնքան դժվար եմ երգ ընտրում, որ իմ սրտով լինի»,- ասաց երգչուհին:
Հարցին՝ իր կարծիքով իր երգացանկում չկա՞ն կոմերցիոն երգեր, Սյուզին արձագանքեց. «Ես, իհարկե, ունեմ կոմերցիոն երգեր, նույն «Տանեմ-բերեմ» երգը կոմերցիոն էր, սակայն ես սիրել էի այն: Եթե լիներ կոմերցիոն, բայց ես չսիրեի, չէի երգի: Ինձ համար բացի կոմերցիայից շատ բաներ կան, որ կարևոր են»:
Ըստ երգչուհու՝ պասիվությունը չի ազդել հրավերների քանակի վրա: «Կստեմ, եթե ասեմ՝ չափից շատ հրավերներ եմ ունենում, բայց լինում են հրավերներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից»:
Սյուզին նշեց, որ այժմ կա նոր գործ, որի վրա աշխատում է, սակայն այդ մասին կխոսի այն ժամանակ, երբ վերջացնի աշխատանքը. «Ուզում եմ ստացվի, նոր խոսեմ այդ մասին»:
Երգչուհին շարունակում է աշխատել նաև որպես դիմահարդար: «Առաջիկայում նաև այդ ոլորտում կլինեն նորություններ: Հետաքրքիր առաջարկներ կներկայացնեմ իմ հաճախորդներին»,- ասաց նա:
Համեմատելով իր երկու աշխատանքները՝ Սյուզին նկատեց, որ երգչի կարիերան ավելի բարդ է. «Երգարվեստ վրա ավելի շատ գումարներ են ծախսվում, կայանալն ավելի բարդ է: Ինձ համար դա ավելի լուրջ մասնագիտություն է: Դիմահարդարումն էլ իր տեղն ունի, բայց երգչի կարիերան ավելի դժվար է առաջ շարժվում, քան դիմահարդարինը»:
life.tert.am