Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները: «Դա սխալ է եղել: Ես չպետք է ընդունեի այդ նվերը,- մարտի 23-ին հայտարարել է Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում: – Ես վերադարձրեցի այդ կոստյումները»:
Մարտ ամսվա կեսերին Journal du Dimanche-ը Ֆիյոնին մեղադրել էր, որ նա չափազանց թանկ հագուստ է գնում: Հրատարակության տվյալներով՝ վերջին հինգ տարում, այսինքն՝ 2012 թվականից, քաղաքական գործիչն իր կոստյումների վրա ծախսել է շուրջ 35,5 հազար եվրո: Թերթը նաև պարզել է, որ փետրվարի սկզբին քաղաքական գործչի ոմն «ընկեր», որի անունը չի հայտնվել, «Ֆիյոնի խնդրանքով» 13 հազար եվրո գումար է վճարել երկու կոստյումի համար:
Ավելի ուշ Ֆիյոնը հավաստել է, որ իրոք երկու կոստյում է նվեր ստացել «հին ընկերոջից»՝ ֆրանս-սենեգալյան ծագմամբ փաստաբան Ռոբեր Բուրժիից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: