Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին. life.panorama.am

Մայիսի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կկայանա ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի սպասված մենահամերգը, որի մանրամասների մասին Life.panorama.am-ին է հայտնել երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը:

«Սա լինելու է Ձախ Հարութի կենսագրական համերգը: Այն ունենալու է հենց «My life» խորագիրը, որը ընտրել ենք նրա վերջին հայտնի հիթի անունով՝ Համո Սահյանի խոսքերով և Նարեկ Դուրյանի երաժշտությամբ: Սա լինելու է անակնկալներով համերգ, այդ օրը կհնչեն սիրված երգեր, զուգերգեր և պրեմիերաներ. Ի դեպ՝ նախատեսված է մի մեծ անակնկալ՝ շատ հետաքրքիր պրեմիերայի տեսքով, որի ականատեսը կլինեն ներկաները: Այդ օրը կլինեն, բաներ, որոնցից հանդիսատեսը կզարմանա, կլինեն նաև ծանոթ իրավիճակներ՝ նոր մոտեցումներով: Վստահեցնում եմ՝ հիանալի երեկո է սպասվում»,- նշեց մեր զրուցակիցն ու շարունակեց.

«Բացի այն, որ Հարութ Փամբուկչյանի դեպքում կարելի է անգամ բեմում չօգտագործել դեկորացիաներ և, միևնույն է, համերգը հիանալի արդյունք կունենա, բայց և այնպես, այդ օրը կլինի գեղեցիկ լուսային և ձայնային շոու: Կլինեն նաև հուզումնալից պահեր, որոնք շատ հատուկ են Ձախ Հարութի տեսակին»:

Խ. Եղոյանի խոսքով՝ Հարութ Փամբուկչյանը, մոռանալով, որ նա միակ արտիստներից էր, որ 1989-ին վեց օր շարունակ մեծ համալիրներում լեփ լեցուն հանդիսատեսի առաջ ելույթ է ունեցել, այսօր մեծ հուզմունքով ու անհանգստությամբ սպասում է երևանյան այս մենահամերգին.

«Հարութն այն համեստ արտիստներից է, որ այսօր հուզվում է՝ մտածելով, որ պահը հասունացել է այս մեծ մենահամերգի համար: Մշտապես ասում է երիտասարդներին՝ «Այ բալեք, երբ գնացի այս երկրից, դուք դեռ ծնված չէիր, ո՞նց եք հիմա դուք ինձ էսքան սիրում»: Հարութն իսկապես սիրված է տարբեր սերունդների կողմից ու այս մենահամերգն էլ շատ սպասված էր»,- նկատեց երգչի հայաստանյան պրոդյուսերը:

Ի դեպ՝ պրոդյուսերի գաղափարն է, որպեսզի համերգային վահանակներն, իսկ համերգի օրը նաև բեմը իրենց գույենրով հիշեցնեն եռագույնը.

«Համերգը կկայանա մեր հաղթանակների ամսին և պատահական չէր, որ մեր որոշմամբ՝ մենահամերգի մասին իրազեկող վահանակները կլինեն կարմիրի, կապույտի և ծիրանագույնի մեջ: Համերգին էլ եռագույնն իմիջային իմաստով կապ կունենա, որի մասին առավել չեմ մանրամասնի՝ թողնելով անակնկալ: Ինչպես ամեն անգամ եմ ասում՝ եկեք մայիսի 20-ին միասին ծածանենք եռագույնը»,- նշեց Խաչիկ Եղոյանը:

Զրույցի վերջում անդրադառնալով տոմսերի գնային քաղաքականությանը՝ Ձախ Հարութի հայաստանյան պրոդյուսերը նկատեց.

«Նախ պետք է ասեմ, որ վերջերս մեր երկրում գործող տենդենցին հակառակ՝ համերգը հաստատ կկայանա, Հարութը անկասկած կգա ու կներկայանա իր հանդիսատեսին: Ինչ վերաբերվում է տոմսերի գներին՝ սկսվում են 3000-ից մինչև 40.000 դրամ, ընդ որում՝ 40.000-ի համարժեք տոմսերը շատ սակավ են՝ առաջին շարքերում ընդամենը մի քանի տոմս»:

life.panorama.am