Իրանի հյուսիսի հայկական ճարտարապետական զարդերը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրանի հյուսիսի հայկական ճարտարապետական զարդերը. armeniasputnik.am

Հայտնի իրողություն է՝ եթե ցանկանում ես պարզել որևիցե երկրի հասարակության քաղաքակիրթ լինելու աստիճանը, պետք է իմանաս նաև, թե ինչպես են պահպանվում տվյալ երկրում այլ ազգերի մշակութային արժեքները:

Այդ տեսանկյունից հատկանշական և թերևս օրինակելի կարելի է համարել հայկական ճարտարապետական հուշարձանների վերանորոգումն ու պահպանումը մեր հարավային հարևանների կողմից:

Դեռևս 2008 թվականին Իրանի հյուսիսում գտնվող հայկական միջնադարյան ճարտարապետության երեք հուշարձանները Իրանի մշակույթի նախարարության դիմում-հայտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվեցին միջազգային այդ կազմակերպության «Համաշխարհային ժառանգության» պաշտոնական ցանկի մեջ՝ «Իրանի հայկական վանքային համալիրներ» («Armenian Monastic Ensembles of Iran») անվանումով։ Դրանք են՝ Սուրբ Ստեփանոսի և Սուրբ Թադևոսի վանքային համալիրները և Ծործորի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Սուրբ Ստեփանոսի (կամ Մաղարդավանք) վանքը 9-րդ դարում հիմնադրված հայկական նշանավոր կրոնական համալիր է: Վանքը գտնվում է Ջուլֆա քաղաքից 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, ներկայումս լքված հայկական Դարաշամբ բնակավայրի մոտ։ 13-14-րդ դարերում երեք եկեղեցիներ ունեցող վանքային համալիրը հանրահայտ մշակութային և գրչության կենտրոն էր, այստեղ գործում էր նաև դպրոց: 1331 թվականին գրված «Նարեկ» ձեռագիր մատյանի հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ և հռչակավոր»։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ արտաքին հարդարանքով՝ ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակներով: Վանքային համալիրը վերանորոգված է Իրանի կառավարության միջոցներով:

Սուրբ Ստեփանոսի վանք:

Սուրբ Թադևոսի (կամ Թադեի) վանքն աշխարհի ամենահին քրիստոնեական սրբավայրերից է համարվում։ Ըստ ավանդության` հենց այստեղ է թաղվել Թադևոս առաքյալը, որը Հայաստանի և Պարսկաստանի որոշ շրջաններ այցելելով, քրիստոնեություն է քարոզել։ Վանքը գտնվում է լեռնային շրջանում՝ Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Այն պարսպապատ է, անկյուններին՝ բոլորաձև աշտարակներ են: Ներկայիս գլխավոր տաճարը կառուցված է 1329 թվականին՝ երկրաշարժից քանդված նախկինի տեղում։ Հուշարձանն ունի քանդակազարդ պատկերներով մի քանի գոտիներ: Տարին մեկ անգամ հուլիսի 1-ին այստեղ անց է կացվում հանդիսավոր պատարագ` մեծաքանակ հայ ուխտավորների ներկայությամբ։ Տարիներ առաջ վանքը վերանորոգվել է հայկական սփյուռքի և Իրանի կառավարության միջոցներով:

Սուրբ Թադևոսի վանք:

Ծործորի (կամ Ձորձոր) վանքային համալիրի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գտնվում է Ուրմիա լճից դեպի հյուսիս` Թուրքիայի և Իրանի սահմանի մոտ։ 13-րդ դարում հիմնադրված վանքը ծաղկման շրջան է ապրել 14-րդ դարում, երբ այստեղ գործել է բարձրագույն դպրոց և կատարվել են գրական-թարգմանչական աշխատանքներ: Ծործորի վանքային համալիրից Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայումս միակ կանգուն շինությունն է։ 1988-ին, այդ տարածքում կառուցվում է ամբարտակ, և որպեսզի եկեղեցին չանցնի ջրի տակ՝ այն իրանցի մասնագետների կողմից չափագրվել, տեղափոխվել է մոտ 600 մետր հեռավորության վրա և այնտեղ նույնությամբ վերակառուցվել:

Ձորձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի: