Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան. life.panorama.am

Life.panorama.amը դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ զրուցել է աշխատանքային ծրագրերի և «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին:

«Այժմ նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության  «Օտարը» հեռուստասերիալում: Այստեղ հենց սկզբից չեմ երևում, հայտնվելու եմ հետաքրքիր իրավիճակում, որը անակնկալ կլինի: Մարմնավորում եմ ինձ համար շահեկան մի կերպար, որն ունի հետաքրքիր գույներ ու խաղալն ինձ հաճելի է: Նա դրական հերոսուհի է, բայց ինչպես հատուկ է հայկական սերիալներին` չես իմանա, թե արդյոք հերոսդ մինչև նախագծի ավարտը դրական կմնա»,- նշեց Մարիամը:

«Շանթ» հեռուստաընկերության անձնակազմը Մարիամ Ադամյանի համար արդեն հարազատ է դարձել, քանի որ գրեթե նույն խմբի հետ աշխատել է «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Իր խոսքով` «Շանթի» հետ աշխատելու ընթացքում իր կարևոր ձեռքբերումը նոր ընկերուհի ունենալն է.

«Մեզ մոտ հիմնականում աշխատանքային գործընթաց է: Բոլորն էլ միտված են աշխատանքին ու ինքս գործից դուրս այնքան էլ մեծ շփում չունեմ խմբի հետ: Միաժամանակ, ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում, քանի որ բոլորն էլ իրենց գործը լավ են հասկանում և ունեն նպատակ` լավ արդյունք ունենալ: Այս թիմի հետ աշխատելն ինձ հնարավորություն տվեց ունենալու դերասանուհի Գայանե Բալյանին, ով արդեն իմ մտերիմ ընկերուհին է: Մենք իրար շատ լավ ենք հասկանում ու միասին միշտ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում: Ի դեպ` «Օտարը» հեռուստասերիալում նրա հետ կրկին համատեղ տեսարաններ ունենք»,- նկատեց նա:

Մարիամ Ադամյանի համար կարևոր իրադարձություն էր վերջերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմանը մասնակցելը: Խոսելով թատրոնային գործունեության մասին` դերասանուհին պատմեց երազանքների թատրոնում հայտնվելու և սպասված ներկայացման մասին.

«Դրամատիկական թատրոնում ժամանակ առ ժամանակ քննություն է հայտարարվում, որի ժամանակ կարող ես հայտ ներկայացնել ու փորձել ուժերդ այս թատրոն մուտք գործելու համար, ինչը և ես արեցի: Այս թատրոնն իսկապես երազանքի նման մի բան է շատ դերասաների համար: Ինձ համար էլ սա միակ թատրոնն էր, որտեղ ուզում էի աշխատել: Իսկապես իմ բախտը բերեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: Առանձնահատուկ շնորհակալ եմ Հրաչյա Հարությունյանին, ով վստահեց ինձ ներկայանալ իր ներկայացման մեջ»,- պատմեց Մարիամն ու խոսեց «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս.

«Դրամատիկական թատրոնում որպես ներմուծված դերասանուհի խաղում եմ «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացման մեջ: Իսկ «Սերը տարիք չի հարցնում»-ն առաջին ներկայացումն էր, որն ի սկզբանե նաև իմ վրա էր կառուցվել: «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման իմ հերոսուհուն անմիջապես սիրեցի: Նա հետաքրքիր է, անկաշկանդ, ով չի ամաչում, որ սիրում է իրենից տարիքով մեծ տղամարդու, նա չի կաշկանդվում իր սիրո մասին խոսելուց, իսկ դա մեծ առավելություն է մարդու համար: Սիրում եմ, երբ իմ հերոսն ամբողջությամբ բաց է ինձ համար` ես գիտեմ իր բնավորությունն ու դա շատ հեշտ է դարձնում իմ մեջ նրա կերտումը: Պետք է ասեմ, որ պարոն Հարությունյանի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մի ուրիշ զգացողություն է, երբ տեսնում ես, որ քեզ համար սրտացավ են, մտահոգ և ուրախանում են քո հաջողություններով, ինչը արեց Հրաչյա Հարությունյանը: Հիմա էլ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք այս ներկայացումը կրկին խաղալու»,- հավելեց դերասանուհին:

Մեր նկատառմանը, թե Մարիամ Ադամյանը համաձա՞յն է այն մտքի հետ, որ սերը տարիք չի հարցնում և արդյոք նա պատրաստ կլինի իրենց շատ մեծ տարիքով տղամարդու սիրել, երիտասարդ դերասանուհին պատասխանեց.

«Հիմա ասում եմ, որ հազիվ թե ինձ հետ նման բան լինի, ինքս ուղղակի չեմ պատկերացնում դա, բայց և իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ  չպետք է բացառել: Կյանքումս շատ բաներ եմ ասել` ինձ հետ երբեք նման բան չի լինի, որոնք վերջին մեկ տարում եղան, այնպես որ փորձում եմ ոչինչ չբացառել ու չպլանավորել: Հատկապես սերն այնպիսի բան է, որ ոչ մեկ չգիտի, թե երբ այն կզգաս և ում հանդեպ»:

 



Նման նյութեր