Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին. life.panorama.am

Մարտի 31-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի Արտյոմ Հակոբյանի «3/Off» ժամանացային հաղորդումը, որի ձևաչափի համաձայն՝ հայտնիները կհայտնվեն անսպասելի ու ծիծաղաշարժ իրավիճակներում և մեզ ծանոթ խաղերով կմրցեն միմյանց դեմ:

Life.panorama.am-ը հաղորդման գաղափարի, նկարահանումների ընթացքի և այլ մանրամասների մասին տեղեկացել է Արտյոմ Հակոբյանից:

«Այս նախագիծը մեր երկրում անելու գաղափարն իմն է, բայց ինքնին նախագիծը նորույթ չէ: Այսինքն՝ նմանատիպ նախագծեր տարբեր երկրների հեռուստաալիքներում կան: Ինչ խոսք, նախագծի խմորման փուլում բավականին մեծ էին մտահոգությունները, սակայն այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ մեզ մոտ այս աշխատանքը բավականին լավ ստացվեց: Երբ ունեի այս գաղափարը ներկայացրի «Արմենիա» հեռուստաընկերությանը, առաջին փորձնական հաղորդումը նկարահանելուց հետո, հաղորդումը հավանության արժանացավ ու երկարատև քննարկումներից և շտկումներից հետո սկսեցինք արդեն մեր մեծ թիմի հետ աշխատել: Վեց ամիս է, որ այս նախագծի վրա աշխատում ենք, փորձել ենք ամեն մանրուքի ուշադրություն դարձնել լավ արդյունք ունենալու համար»,- պատմեց հաղորդավարը:

Խոսելով հաղորդման ձևաչափի մասին՝ Արտյոմը մանրամասնեց. ««3/Off»-ը խաղ է՝ բաղկացած հինգ փուլերից, որոնց մեջ մտնում են տարբեր առաջադրանքներ ու խաղեր: Երկու թիմ է, ամեն մեկում երեքական մասնակից: Նրանք հայտնվում են տարբեր հետաքրքիր ու շատ ծիծաղաշարժ իրավիճակներում, երբ սկսում են խաղալ այսօրվա մեզ հայտնի ու նաև մեր մանկության բակային խաղերը»:

Հետաքրքրվելով, թե մեր հայտնիները ինչպե՞ս են իրենց դրսևորում և արդյոք բարդույթներ չեն ունենում նկարահանումների ընթացքում, պատասխանեց.

«Հյուրերի ընտրության առումով որոշ չափով դժվարություններ կան, քանի որ պետք է միանգամից վեց՝ շատ զբաղված մարդկանց կտրել իրենց գործերից:  Ի դեպ, մենք փորձում ենք հայտնրներին ընտրելիս, կենտրոնանալ թիմային աշխատանքի վրա: Օրինակ՝ որևէ հաղորդման, ռադիոյի, թատրոնի կամ սիթքոմի երեք հոգանոց թիմը մրցելու է մեկ այլ հաղորդման կամ սիթքոմի երեք հոգանոց թիմի դեմ: Մեր հյուրերը, հրավերքը ստանալիս, սկզբում չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, սակայն, երբ սկսվում է խաղը, ամբողջությամբ ներգրավվում են խաղի մեջ»:

Արտյոմ Հակոբյանը հույս ունի, որ հաղորդումը հեռուստադիտողի հավանությանը կարժանանա.

«Ըստ նախագծի ձևաչափի՝ նկարահանումներն իրականացվում են հանդիսատեսի ներկայությամբ: Եվ պետք է ասեմ, որ նրանց արձագանքներից հասկանալի է դառնում, որ հեռուստադիտողին այն դուր կգա: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ մարդիկ սիրում են իրենց սիրելի հայտնիներին տեսնել նոր իրավիճակներում, իսկ նման պայմաններում մեր հայտնիներին ոչ ոք դեռևս չի տեսել»,- ժպիտով նկատեց հաղորդավարը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև նախորդ տարի Արտյոմ Հակոբյանի հայտնի գրառմանը, որտեղ հաղորդավարն արտահայտել էր իր հիասթափությունն ու հայտարարել, որ պատրաստվում է լքել Հայաստանը: Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս կայացրեց չհեռանալու որոշումն ու նոր նախագծի նախաձեռնությամբ սկսեց զբաղվել, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այս հարցին միանշանակ պատասխանելը բարդ է, բայց կփորձեմ այդպիսի պատասխան տալ՝ ես ուղղակի չհանձնվեցի, որոշեցի, շարունակել պայքարը, բայց արդեն իմ ձևով և այն տարբերակով, որը ես գիտեմ, ունեմ ու կարող եմ անել: Ամեն դեպքում գնալը միշտ էլ կա, ես որոշեցի ևս մեկ անգամ փորձել ու հասկանալ, թե ինչ կարող է ինձ տալ չգնալը. կարծում եմ՝ այս պարագայում սա ավելի ճիշտ էր: Իհարկե, հիասթափություն կար և բավականին խորն էր, բայց ես փորձեցի ինքս իմ մեջ հաղթահարել այդ զգացումն ու վերագնահատեցի ամեն ինչ: Արդյունքում որոշեցի, որ ինձ համար ավելի ճիշտ քայլ է նոր բան նախաձեռնել այստեղ, նորից վերադառնալ ու ցույց տալ կարողություններս, քան պարզապես հեռանալ»:

«3/Off»-ը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի ամեն ուրբաթ՝ ժամը 22:30: