«Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, որը ներկայացնում է հայկական պատմական հուշարձանների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների վարած տևական ժխտողական քաղաքականությունը: Ներկայացված է մոտ 120 հուշարձան:
«Ամեն տարի նորանոր հուշարձանների ոչնչացման մասին տվյալներ են ի հայտ գալիս: Ադրբեջանցիները աշխարհից աննկատ վերացնում են ամեն ինչ: Դեռևս 1960-ական թվականներին բոլոր քրիստոնեական հուշարձանները քնից արթնանալով հայտարարեցին աղվանական, աղվաններին էլ՝ իրենց նախնի, սակայն 1991 թվականից ի վեր անգամ այս սուտը չխնայեցին: Հենց Նախիջևանի տարածքում հայկական բոլոր հուշարձանները՝ սկսած Հին Ջուղայի գերեզմանոցից մինչև վեջին վանք-մատուռը ոչնչացվել են: Նախիջևանում մենք այլևս չունենք հայկական ոչ մի պատմական հուշարձան:
Այսինքն, ադրբեջանցիներն անգամ իրենց ստերից գլուխ չեն հանում ու տեր չեն կանգնում դրանց: Փաստորեն մենք առնչվում ենք քաղաքակրթությունից իսկապես դուրս գտնվող մի պետական կազմավորման հետ, որն անփառունակ վանդալիզմին մասնակից է դարձրել նաև բանակին, քանի որ մեծ մասամբ նրանց միջոցով է վերացվում այս ամենը:
Ավելին՝ նրանց ԱԳ նախարար Մամեդյարովը Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման ժամանակ լկտիաբար հայտարարում է, թե դա հայտնի չէ որտեղ է, ինչ-որ խորանարդաձև քարերի հետ գործ ունենք, դա մեր նախնիներինն է և այլ նման զառանցանքներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Չնայած այն ուրախությանը, որ պատմությունը փաստող գիրք կա, հուշարձանագետը մի փոքր մտահոգված էր.
«Մոտ 11 տարի առաջ «Հյուսիսիային Արցախ» գրքի անգլերեն տարբերակն էր հրատարակվել: Սա մեր հայրենիքի այն տարածքն է, որը մինչ օրս բռնազավթված է: Կորցրել ենք կարևոր օրրանը, սակայն պետական մակարդակով միջազգային ոչ մի ատյանում խնդիրը չենք ներկայացրել: Նման գրքերը կարող են օգտակար լինել մեր պետական քաղաքականության մեջ, զենքի նշանակություն ունեն, սակայն կարծես թե մեր պետությունը ցանկություն չունի դիվանագիտական ճակատում օգտվել դրանից: Այս գիրքը մերկացնում է այդ երկրին: Իսկ այստեղ փոխզիջում են բարբաջում, այնինչ ի դեմս Հյուսիսային Արցախի կորստի՝ փոխզիջումն ի վնաս հայկական կողմի արդեն կայացել է: Մենք ավելի ի՞նչ պետք է զիջենք»,-նկատեց Սամվել Կարապետյանը:
Ամբողջությամբ՝ asekose.am