Մոտ մեկ ամիս է` հայկական շոու բիզնեսում հայտնվել է նոր անուն` Մառելլա Կասսես։ Ոչ հայկական անունով 30–ամյա երգչուհին Ռուսաստանում ծնված և մեծացած հայուհի է, ով մանկուց երազել է երգչուհի դառնալու մասին, սակայն վաղ տարիքում է ամուսնացել և մոռացել երազանքի մասին։ Ամուսնալուծությունից հետո Մառելլան որոշել է սկսել բաղձալի կարիերան և եկել է Հայաստան։ Tert.am Life–ը զրուցել է շոու բիզնես նորեկի հետ, ում իսկական անունը Նինա է։
–Մառելլա, վերջերս հանդիսատեսին ներկայացրեցիք Ձեր առաջին երգը։ Դուք ծնվել և մեծացել եք Ռուսաստանում։ Ինչո՞վ եք զբաղվել մինչև հիմա։ Ինչո՞ւ է հանդիսատեսը միայն հիմա լսում Ձեր անունը։
– Ես միշտ երազել եմ երգչուհի դառնալ և ճանապարհս սկսել իմ հայրենիքից։ Թեև ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում, իմ իսկական հայրենիքը Հայաստանն է։ Հատուկ դրա համար եկա Հայաստան և սկսեցի սովորել հայկական վոկալ, քանի որ այն մի քիչ տարբերվում է ռուսականից։ Սկսեցի պարապել Մառա Կարապետյանի մոտ, ով The Voice-ի վոկալիստն էր։
Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Մայրս էր ինձ համար ընտրել այդ դերը, քանի որ նա էլ է մանկավարժ։ Երբ ավարտեցի համալսարանը, 1 տարի փորձաշրջան անցա դպրոցում։ Ես սիրում եմ երեխաների, իրենք էլ ինձ են սիրում, սակայն երեխաների հետ շատ բարդ է։ Այդ մասնագիտությունն իմը չէր։ Ես միշտ երազում էի երգել, ուղղակի շուտ ամուսնացա և կանգ առա։
–Երաժշտական կրթություն ունե՞ք։
–Սկզբում ուզում էի երաժշտական կրթություն ստանալ, հիմա մտածում եմ` սովորե՞մ, թե՞ ոչ։ Ես կսովորեմ երաժշտական այբուբենը, սակայն իմաստ չեմ տեսնում 30 տարեկանում ընդունվել Կոնսերվատորիա։ Դա նաև շատ ժամանակատար կլինի։ Մասնավոր պարապմունքներ եմ վերցնում և կշարունակեմ վերցնել։
–Ինչո՞ւ Նինան դարձավ Մառելլա։
–Մառելլան և Ավրաամը իմ սիրելի անուններն են։ Որդուս անվանակոչեցի Ավրաամ, դուստր չունեցա, դրա համար այդ անունն ինձ վերցրեցի։
–Տեսահոլովակում ինքնուրույն եք զբաղվել Ձեր ոճով։ Գայթակղիչ, սակայն ոչ շատ բաց կերպարներով եք ներկայանում։ Ունե՞ք ինչ–որ սահմաններ, որոնք չեք անցնի։
– Ես սովորել եմ նաև դիզայն։ Տեսահոլովակում կարող էի ավելի լավ կերպարներով ներկայանալ, ուղղակի ժամանակը քիչ էր։ Ես փորձել եմ չափերը չանցնել և ամեն ինչ համեստ անել։ Իհարկե, կանացիություն էլ է պետք ցույց տալ։
Ես ամեն ինչ քննարկում եմ որդուս հետ` հագուստս` ևս։ Երբ նկարում էի, նա ասում էր այստեղ այսպես արա, այստեղ քարիկ ավելացրու։ Եթե զգեստը բաց էր ստացվում, ասում էր` շատ բաց է։ Իսկական հայ է։) Ասում է` ասում է «սիրունությունները» պետք է փակ պահել։
Երբ գալիս ես Հայաստան, փորձում ես այնպես անել, որ սխալ բան չմտածեն, որովհետև մարդիկ չգիտեն` ինչպիսին ես իրականում։ Երբ մի քիչ տարբերվում ես, քեզ այլ աչքով են նայում։
–Ձեր երգի հեղինակները Ռիչարդ Մադլենյանն ու Ավետ Բարսեղյանն են։ Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը։
–Ծանոթներիս միջոցով իմացա, թե այստեղ ինչ երաժիշտներ կան։ Ես չգիտեի` այստեղ ով է հանրահայտ, ով` ոչ, ուղղակի ինձ դուր եկավ երաժշտությունը և համագործակցեցի Ռիչարդ Մադլենյանի հետ։ Նա մի քանի տարբերակ ցույց տվեց, ես ու որդիս 2 երգ ընտրեցինք, միացրեցինք և ստացվեց այս տարբերակը։ Երգիս խոսքերը գրեց Ավետ Բարսեղյանը, ում նույնպես չէի ճանաչում։
Տեսահոլովակի ռեժիսորը Արամիս Տատուն է։
–Փաստորեն, չեք հետևել հայկական շոու բիզնեսին, բայց դաշտ մտնելու ցանկություն ունեք։
–Ես գիտեի միայն նրանց, ովքեր հայտնի են Ռուսաստանում` Լիլիթ Հովհաննիսյանին, Քրիստինե Պեպելյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Սիլվա Հակոբյանին, Թաթա Սիմոնյանին, Արմենչիկին, Ռազմիկ Ամյանին։
Ես սիրում եմ հայկական երաժշտություն։ Ինձ շատ են դուր գալիս Թաթա Սիմոնյանը, լուսահոգի Արամ Ասատրյանը։
Ամբողջոթյամբ՝ life.tert.am