Կերպարս լուրջ է այնքանով, ինչքանով լուրջ են լինում պատգամավորների տղաները. Հայկ Պետրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կերպարս լուրջ է այնքանով, ինչքանով լուրջ են լինում պատգամավորների տղաները. Հայկ Պետրոսյան. life.panorama.am

Դերասան Հայկ Պետրոսյանին հեռուստադիտողը տեսնում է «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում: Հայկն արդեն հասցրել է ինտեգրվել նոր թիմում ու սիրվել հեռոուստադիտողի կողմից: Նոր աշխատանքի և Մինսկում կայացած փառատոնի ու մրցանակի մասին դերասանը պատմել է Life.panorama.am-ին:

««Ֆուլ հաուս»-ում մարմնավորում եմ պատգամավորի տղայի: Այս կերպարս լուրջ է այնքանով, ինչքանով լուրջ են լինում պատգամավորների տղաները: Ըստ սցենարի՝ Սևակն անընդհատ հայտնվում է կոմիկական իրավիճկաներում: Նա երկերեսանի տղա է, ով ընկերուհու մոտ հնարավորինս կիրթ է ուզում դրսևորել իրեն, սակայն, երբ ընկերուհին իր հետ չէ, նա կրկին իր հղփացած տեսակին է վերադառնում: Սևակի հետ կապված դեռևս հետաքրքիր իրավիճակենրը առջևում են»,- պատմեց Հայկը՝ նշելով, որ «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելու առաջարկը ստանալիս՝ մեծ կարևորություն է տվել սիթքոմի անցած ճանապարհին.

«Իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ ինձ համար կապ չուներ՝ այս նախագիծը վարկանիշային էր, թե ոչ: Ինչ խոսք, հաճելի է աշխատել մի նախագծում, որը սիրված է հեռուստադիտողի կողմից: Սա նաև ինձ էր շատ օգտակար, քանի որ ես պարբերաբար ներկայացումներ եմ ունենում ու մեծ հույս ունեմ, որ այս աշխատանքի շնորհիվ նաև իմ հանդիսատեսը կմեծանա: Միաժամանակ, պետք է հաստատ ասեմ, որ այդ՝ վարկանիշային նախագիծ լինելու ֆակտորը երրորդային տեղում էր ինձ համար, քանի որ նախևառաջ կարևորում եմ ստեղծագործական հետաքրքրությունը: Այս աշխատանքն ինձ համար նոր է, իսկ նոր բան սովորելն արդեն հաջողություն է»,- հավելեց նա:

Խոսելով աշխատանքային թիմի մասին՝ Հայկը պատմեց.

«Շատ ուրախ թիմում եմ հայտնվել, որտեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ է, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նրանք միասին են աշխատում: Ինձ շատ ջերմ ընդունեցին այստեղ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հինաալի հարաբերություններ ունեմ ողջ թիմի հետ: Իմ հերոսի հետ կապված զարգացումները հիմնականում Արփի Գաբրիելյանի հերոսուհու՝ Լիկայի հետ են կատարվում: Պետք է ասեմ, որ Արփիի հետ բավականին հեշտ է աշխատելը: Առհասարակ՝ լավ թիմը լավ աշխատանքի է բերում, ինչն այստեղ կա»:

Հայկ Պետրոսյանի խոսքով՝ նախկինում դիտել է «Ֆուլ հաուս»-ը.

«Կստեմ, եթե ասեմ, որ ոչ մի սերիա բաց չեմ թողել, բայց, ինչ խոսք, նախկինում նայել եմ այս սիթքոմը: Նաև պետք է նշեմ, որ իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ ես ամեն ինչ եմ դիտում, քանի որ «Stand up» ժանրը հենց սոցիումն է արտահայտում, իհարկե գրոտեսքով ու չափազանցություններով»:

Ի դեպ՝ վերջերս Հայկ Պետրոսյանը մասնակցել է Մինսկում կայացած «Մարդ-կոնտակտ» մոնոներկայացումների փառատոնին:

«Մինսկում սովետական շունչ ես զգում, բայց լավ իմաստով, այստեղ շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել: Այս փառատոնն արդեն 12-րդ տարին էր անցկացվում, այն բավականին հաջողված է իր տեսակի մեջ: Փառատոնի պորդյուսերը ինձ տեսել էր «ԱրմՄոնո»փառատոնի շրջանակում և հրավերք էր արել, ես էլ սիրով ընդունել էի այն: «Մարդ-կոնտակտ» մոնոներկայացումների փառատոնում խաղացի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացումը: Իհարկե, այն որոշ փոփոխությունների էի ենթարկել, որպեսզի հետաքրքիր լիներ նաև այնտեղի հանդիսատեսին, ինչպես նաև այն ներկայացնում էի ռուսերենով, ինչը բարդ էր այնքանով, որ խոսակցական ռուսերենն ու բեմական ռուսերենը տարբերվում են իրարից: Ի դեպ՝ 400-500 հոգանոց դահլիճում ընդամենը մեկ հայ կար, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մենք հաղթեցինք: Ընդ որում՝ այստեղ ընտրությունը բացառապես թափանցիկ էր, դրված էին արկղեր յուրաքանչյուր մասնակցի անունով, իսկ հանդիսատեսն էլ, իր հավանած արտիստի արկղում իր տոմսը նետելով, այսպես ասած քվեարկում էր: Ավելի ուշ պարզվեց, մեր արկղում ամենաշատ տոմսերն են եղել»,- ժպիտով եզրափակեց Հայկը՝ հավելելով, որ այս փառատոնին մասնակցելով՝ արդեն իսկ նոր առաջարկներ է ստացել:

 



Նման նյութեր